Newspress.am-ը գրում է․ «Ֆրանսիաբնակ Արծրունի Ավետիսյանը վստահեցնում է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսանում է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանդի գլխավոր հեղինակը։
Նրա որակմամբ՝ առաջին նախագահը ՀՀ թիվ մեկ հանցագործն է։ Արծրունի Ավետիսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ գլխավոր հանցագործին թողած ազատության մեջ՝ վրեժ են լուծում տարբեր մարդկանցից՝ այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։
«Ես երբեք ո՛չ Քոչարյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի կողմնակիցը չեմ եղել, բայց չեմ կարող չասել, որ այն, ինչ տեղի է ունենում Քոչարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդում է։ Հայաստանում դատական համակարգն անաչառ չէ»,-պնդում է Արծրունի Ավետիսյանը և նկատում, որ այդ մասին հենց վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստել։
Ավետիսյանը հիշեցնում է հանրահավաքներից մեկի ժամանակ Փաշինյանի կողմից հայտարարությունը, թե «կա՞ արդյոք մի դատավոր, ով ինձ կարող է հակառակվել»։ Բացի դրանից, Արծրունի Ավետիսյանը վկայակոչում է նաև Ազգային անվտանգության ծառայության, ՀՔԾ պետերի և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսումները, որոնք ամիջականորեն ապացուցեցին, որ դատարանների որոշումների վրա անմիջական ազդեցություն կա։
«Հայաստանում ոչ մի դատական գործընթաց անաչառ չէ։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում։ Ես չեմ պաշտպանում, մեղադրում կամ արդարացնում Քոչարյանին, բայց տեսնում եմ, որ բացարձակ խտրականություն է դրվել։ Բացարձակ հովանավորչություն է տեղի ունենում Փաշինյանի կողմից իր կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»,- ասում է մեր զրուցակիցը։
Բացի այդ, Արծրունի Ավետիսյանը հիշեցնում է՝ Փաշինյանն իշխանության գալով՝ առաջին գործով ազատեց Վահան Շիրխանյանին, ով, Ավետիսյանի գնահատմամբ, տեռորիստ է։
«Ես չեմ ուզում փակագծեր բացել և ասել, թե ինչ տեռորի մասին է խոսքը, կարող եմ ասել միայն, որ դա ՀՀ տարածքից դուրս տեռոր է եղել, որը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի և Վահան Շիրխանյանի գլխավորությամբ։ Այս միջազգային ահաբեկիչներին թողած՝ քաղաքական հետապնդումներով են զբաղված»։
Արծրունի Ավետիսյանը պնդում է, որ ունի բոլոր փաստերը և կարող է հաստատել իր խոսքերը եվրոպական դատարաններում։
Նա նկատում է, որ Հոկտեմբերի 27-ի գործողություններում Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցության մասին շատ հիմնավոր փաստեր կան, ու չնայած այդ մասին բազմիցս գրել է ու հայտարարել, սակայն ոչ ոք չի ուզում արձագանքել դրան։
Այն, որ Տեր-Պետրոսյանը մինչ օրս հարցաքննության չի կանչվել, նրա համար ունի պարզ պատճառ․ Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել, իր կնքահորն ու քաղաքական հորը պատասխանատվության կանչել։
«Ասել եմ, պնդել եմ, ասում եմ ու վաղը նորից պնդելու եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միջազգային ահաբեկիչ է։ Հանուն արդարության չեմ կարող չասել, որ եթե մեծ հանցագործն ազատության մեջ է, ապա Քոչարյանի կալանավորումը պարզապես քաղաքական հետապնդում է»,- ասաց Ավետիսյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Newspress.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը