17 12 2018

Անհրաժեշտ օպտիմալացում և առանց աշխատանքի մնացած շատ մարդիկ

Անհրաժեշտ օպտիմալացում և առանց աշխատանքի մնացած շատ մարդիկ

2017 թվականի հոկտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանում հայտարարեց, որ պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում: Կառավարության որոշման համաձայն՝ զինկոմիսարիատների թիվը կրճատվելու էր, 44 զինկոմիսարիատից գործունեությունը շարունակելու էին 14-ը:

2018 թվականից որոշումը ուժի մեջ մտավ և սկսվեց օպտիմալացման գործընթացը:

Մայիսի 16-ին մի քանի տասնյակ մարդիկ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին՝ արդեն նոր Կառավարությունից պահանջելով լուծել իերնց աշխատանքի հարցը:ծ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին հանձնարարեց օպտիմալացման գործընթացը հետաձգել՝ մարդկանց անգործ չթողնելու համար։

Հետո, սակայն, պարզվեց, որ նախկին կառավարության որոշումը ճիշտ էր, պետք է, այնուամենայնիվ, օպտիմալացնել։

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք պետք է զինկոմիսարիատները օպտիմալացնենք, որպեսզի առաջնագծում կանգնած զինվորի աշխատավարձը և նրա ծառայության պայմաններն ավելացնենք: Բայց մենք այդ մարդկանց անաշխատ չենք թողնելու: Անընդհատ ստեղծելու ենք այլընտրանքներ, որ մի տեղ կրճատվում է, մյուս տեղում հնարավորություն ստեղծվի»:

Իսկ արդեն դեկտեմբերի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց զինկոմիսարիատների միավորվելու մասին՝ նշելով, թե որ զինկոմիսարտներն են միավորվել:

Նախկին կառավարության որոշումը մնաց ուժի մեջ, իսկ զինկոմիսարիատի աշխատողները՝ առանց աշխատանքի, չնայած որ Դավիթ Տոնոյանը հանձնարարել էր նրանց աշխատանքի տեղավորման ուղիներ մտածել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ