16 05 2018

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Զինկոմիսարիատների օպտիմալացման

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Զինկոմիսարիատների օպտիմալացման

Մայիսի 16-ին մի քանի տասնյակ մարդիկ Կառավարության դիմաց զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում: Բողոքի ակցիային մասնակցում էին տարբեր քաղաքների զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Նշենք, որ նախկին կառավարության որոշման համաձայն՝ զինկոմիսարիատների թիվը կրճատվելու է, 44 զինկոմիսարիատից գործունեությունը շարունակելու է 14-ը:

Հավաքվածների խոսքով՝ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Այսօր նոր նրանք կառավարությունից խնդրի լուծում են պահանջում:

Կառավարության ներկայացուցչի հորդորով ցուցարարները շարժվեցին դեպի Պաշտպանության Նախարարություն: Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չընդունեց: Փոխարենը նրանց մոտ իջավ գեներալ-մայոր Մուրադյանը, որն ասաց, թե հասկանում է բողոքի ակցիա իրականացնողներին և հարցերը կքննարկեն: Նրա խոսքով՝ քիչ առաջ է դուրս եկել պաշտպանության նախարարի հետ քննարկումից և մեկ շաբաթվա ընթացքում հարցին լուծում կտրվի:

Զինկոմիսարիատների աշխատակիցներն ՊՆ-ն լքեցին՝ ուղղությունը՝ դեպի վարչապետի նստավայր՝ Բաղրամյան 26:

Խնդրի հետ կապված պարզաբանում է իր ֆեյսբուքի էջում տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ