ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի ձևակերպմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունը պարտվեց, որովհետև ժողովուրդը գնահատեց անձը, ոչ թե գաղափարը: Այս մասին նա ասել է «Ազատության» հետ զրույցում։ «Հուսով եմ, որ այդ անձը այդ ամեն ինչը լավ կգիտակցի և այնպիսի ծրագրով հրապարակ կգա և դրան համապատասխան էնպիսի թիմով, որ նոր հուսալքության առիթ չառաջացնի», - հավելել է Ռուստամյանը: Մոտ երկու տասնամյակ օրենսդիրում անցկացրած Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, թե պարտությունից չեն սրտնեղել, հակառակը՝ ազատվեցին մեղադրանքներից:
Խորհրդարանի պատերից դուրս ավելի ակտիվ են աշխատելու, անգամ սերնդափոխության են պատրաստվում․ - «Հիմա այլևս մի բան լավ է, որ մենք չենք անցել, էլ այլևս մեզ չեն կարող մեղադրել: Էս բանից պրծանք մենք․․․ որ անընդհատ մարդիկ իրենց մեղքը չգտնելով՝ Դաշնակցությունը կա, էկեք մեղքը բարդենք Դաշնակցության վրա, էս փուլն ավարտվեց: Էս իմաստով ես շատ ուրախ եմ ներքուստ, որ մեր ժողովուրդը շատ հստակ կտեսնի ով ով է և Դաշնակցության իրական կերպարը նաև կարձանագրի»: Ռուստամյանը թեև կասկածի տակ չի առնում ընտրությունների արդյուքներն ու իշխանության լեգիտիմությունը, բայց, ըստ նրա, ժողովրդավարական ընտրություններին հասնելու համար դեռ ճանապարհ կա․ - «Դեռ չի էլ կարելի խոսել, որ երկրում հաստատվել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ավանդույթ: Ընտրությունները կարող են նորմալ անցնել՝ չունենալով էդ ավանդույթը, եթե հայտնի է, թե ով է ընտրվելու: Եվ էդ ընտրվողը իշխանությունն է բնականաբար, որովհետև կեղծիք անողն էլ է իշխանությունը: Հիմնականում էդպես է ամբողջ պատմության մեջ եղել: Ընդդիմությունը կեղծիքներ չի անում էն աստիճանի, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա: Կարող են փորձել անել, բայց կբռնվեն: Միշտ ընտրությունների մակարդակը ժողովրդավարական առումով դրսևորվում է էն ժամանակ, երբ որ իշխանությունները մեծ ռիսկ ունեն կորցնելու իրենց իշխանությունը: Այդ ժամանակ է երևում՝ ընտրություններն արդա՞ր են, թե՞ ոչ»:
Ընտրողների մոտ 4 տոկոսի վստահության քվեին արժանացած Դաշնակցություն հենց այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին:
Ժողովրդի մեջ մեծ հույսեր արթնացրած իշխանության թիմի նկատմամբ թերահավատ է:
Ռուստամյանը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ լինեն․ - «Մենք առաջացրել ենք շատ մեծ ակնկալիք մեր ժողովրդի մոտ: Այդ մեծ վստահությունը, 70 տոկոսից ավել ձայն հավաքելը նաև շատ մեծ պարտավորություն է ենթադրում: Ես քիչ թե շատ մեր ժողովրդին ճանաչում եմ, և սա կարող է շատ արագ շուռ գալ իշխանությունների դեմ, եթե այն խոստումները, որ տրվել են, և այն ակնկալիքները, որ մեր ժողովուրդը ունի, արագ չիրականացվեն: Կան իշխանության մեջ մարդիկ, որոնք հասկանում են էս պատասխանատվությունը, բայց ես չեմ տեսնում այն թիմը, որը այդ մարտահրավերներին և վտանգներին ադեկվատ կարող է գործել: Առայժմ ես դա չեմ տեսնում»: Խորհրդարանից հեռացող պատգամավորին հարց ուղղեցինք նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշման մասին: ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրանքում քաղաքական ենթատեքստեր տեսնում է:
Ըստ նրա, նախ պետք է ապացուցել, թե արդյոք սահմանադրական կարգը տապալվել է, ապա մեղավորին փնտրել․ - «Ես չեմ ուզում իրավական դաշտ մտնել, բայց ես ասում եմ, որ հենց ինքը՝ մեղադրանքը էդ առումով ունի մեջը քաղաքական ենթատեքստեր: Մենք գնացել ենք մի հատ ուրիշ մեղադրանքի հետևից, որը շատ վտանգավոր տեղ է տանելու էն իմաստով, որ դեռ պիտի ապացուցվի՝ իսկապե՞ս եղել է սահմանադրական կարգի տապալում, թե՞ ոչ»:
Արմեն Ռուստամյանը տրամաբանական է համարում, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կարող են շարժումներ ստեղծվել, որոնց, սակայն, չի պատրաստվում միանալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը