09 12 2018

Ռոբերտ Քոչարյանի գործը լինելու է մեր դատական համակարգի առաջին ամենամեծ քննությունը. Ռուստամյան

Ռոբերտ Քոչարյանի գործը  լինելու է մեր դատական համակարգի առաջին ամենամեծ քննությունը. Ռուստամյան

Քվեարկել եմ մեծ հույսով ու հավատով, հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների արդարացման, որպեսզի չհիասթափվի, այլ ունենա իր երազած Հայաստանը: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ, բայց, ըստ նրա, կարճ ժամանակում հասցրել են իրենց խոսքը հանրությանը հասցնել: Անդրադառնալով սոցհարցումներին Ռուստամյանն ասաց, որ չի հավատում դրանց արդյունքներին.

«Դաշնակցության հետ կապված դրանք միշտ սխալ են լինում, դրանք օդից վերցված թվեր են, նախկինում էլ գուժում էին Դաշնակցության չանցնելը, ցածր տոկոս ձայները, այնպես որ այդ հարցումներին լուրջ մի վերաբերեք»,- ասել է նա:   

  Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այլևս երբեք որևէ կոալիցիայի մաս չի կազմի, եթե չունենա վճռորոշ դեր:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուստամյանը զերծ մնաց գնահատական տալուց. « Դա դատարանը կորոշի։ Մենք ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին, և մեր գնահատականն ապագայում կտանք: Այս դատավարությունն այնքան մեծ հնչեղություն ունի, որ ամեն ինչ պետք է շատ բծախնդրորեն կատարվի՝ պահելով օրենքի տառն ու ոգին, դա մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու»,- ընդգծել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ