ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը։ TV5-ի հետ հեռախոսազրույցում Զատուլինն ասել է․ «Մեկ շաբաթ առաջ, երբ ես Հայաստանում էի, և դրանից առաջ էլ, գիտեի, որ գործող իշխանությունը տասը տարվա վաղեմության իրադարձությունների հետ կապված պահանջներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին։ Դա ոչ մի կերպ հիմք չի հանդիսանում, որ մենք Ռուսաստանում փոխենք մեր տեսակետը Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ։
Անձամբ ես ինձ համար պատիվ եմ համարում երկար տարիների՝ 1993 թվականից հաստատված ծանոթությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես հիշում եմ նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում, հիշում եմ, թե ինչպես էր նա 1994 թվականին մասնակցում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով Պետդումայում առաջին և միակ խորհրդարանական լսումներին։
Ես, անկասկած, չեմ միջամտում ո՛չ նախընտրական պայքարին, ո՛չ էլ ներքին գործերին, ավելին, որքանով տեղյակ եմ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ոչ մի կերպ չի մասնակցել և չի մասնակցում նախընտրական քարոզչությանը, սակայն ես Հայաստանի համար խայտառակություն եմ համարում այն, որ այս տարվա գարնանը եկած իշխանությունը հաշիվներ է մաքրում և վրեժխնդիր լինում մի մարդուց, ով մեծ արժանիքներ ունի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի առջև։
Ցանկացած նախագահի գործունեություն զերծ չէ քննադատությունից։ Որքանով տեղյակ եմ, Հայաստանի սահմանադրությամբ՝ առաջինով էլ, երկրորդով էլ, երրորդով էլ, նախագահը ցանկացած հետապնդումից անձեռնմխելիություն ունի։
Անշուշտ, ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային դատական ատյանների գործն է գնահատելը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում խախտվե՞լ են արդյոք նրա սահմանադրական արտոնությունները, սակայն զուտ մարդկայնորեն կարող եմ ասել, որ այս իրադարձությունը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդներից, որոնք քաղաքական պայքարի այլ միջոցներ չգտան, բացի հաշիվներ մաքրելու փորձից և ուշացած վրեժխնդրությունից։
Դա նվաստացնում է Հայաստանին, և անկասկած, միջազգային առումով հավելյալ հեղինակություն չի ստեղծում։
Իմ կարծիքով, այսօրվա կամ երեկվա վարկանիշներն անցողիկ են, իսկ հիշողությունը, թե ինչպես Հայաստանի պատմության մի ժամանակաշրջանում որոշեցին «հարցերը լուծել» մի մարդու հետ, ով ինչ-որ կերպ ներկայիս իշխանությունների քաղաքական հակառակորդը դարձավ, անկասկած, պատմական կլինի, և այն ոչ մի կերպ չես ջնջի։
Իհարկե, իմ գործը խորհուրդ տալն է, բայց ես կմրցեի ոչ թե կալանքներով, այլ տարբեր բարեփոխումներով, որոնք ունակ են դրական փոփոխություններ բերել հայ ժողովրդին, բարձրացնել նրա բարեկեցությունը և այլն։
«Վհուկների որսը», և «ժողովրդի թշնամիների» նկատմամբ հետապնդումները բավական մեծ վնասներ են պատճառել իմ երկրին՝ Խորհրդային Միությանը, և մինչև այժմ դրանք սերունդների հիշողության մեջ դրոշմված են որպես պատմության մութ էջ։ Չէի ցանկանա, որ Հայաստանը, որը 1991 թվականին իր պետականության նոր էջը բացեց, անցնի այն ամենի միջով, ինչով անցել են բոլորը 30-ական թվականներին»։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին ուժի մեջ թողեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները սա համարեցին քաղաքական պատվեր և ճնշման արդյունք։ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ևս կարծիք հայտնեց, որ դատավորի վրա բիրտ ճնշում է եղել։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև նախագահ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված գաղտնալսման մեջ ԱԱԾ, ՀՔԾ տնօրեններն ու ՀՀ վարչապետը խոսում են Ռոբերտ Քոչարյանի կալանքի անհրաժեշտության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը