07 12 2018

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am

ArmDaily.am-ին  տված հարցազրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից,  անդրադառնոմ է դատարանի այսօրվա որոշմանը։

- Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք կալանքից ազատել էիք Քոչարյանին, ձեր գործընկերը՝ Ռուբիկ Մխիթարյանը, տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել։

Ես չեմ կարող գնահատական տալ, միայն Վճռաբեկ դատարանը կարող է գնահատական տալ։

Որոշումը հրապարակվել է, ի՞նչ ժամկետում պետք է կալանավորվի։

Անմիջականորեն, ես չեմ բացառում, որ հիմա էլ կալանավորում են։

Եթե դուք այլ որոշում էիք կայացրել, հնարավոր է ձեզ պատասխանատվության ենթարկեն, օրենքը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է։

Օրենքը թույլ է տալիս, եթե դատավորը որեւէ խախտում է թույլ տալիս, իհարկե։ Օրինակ՝ կարող են կարգապահական վարույթ հարուցել։

Նման պրակտիկա կա՞, երբ, օրինակ, նույն ատյանի տարբեր դատավորներ տարբեր խափանման միջոց են ընտրում, մեկին պատժում են։

Նման դեպքեր չեմ հիշում, բայց ոչինչ չեմ բացառում։

Կալանքից ազատելիս Դուք հիմքում դրել էիք անձեռնմխելիությունը, այժմ նրան նորից կալանավորեցին։ Հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել են քաղաքական հայտարարությունները կամ ԱԱԾ, ՀՔԾ պետերը կապի մեջ են եղել դատավորի հետ։

Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ։

Ո՞ւմ վրա՝ դատավորի՞, թե՞ համակարգի։

Համակարգի մասին է խոսքը, ես Մխիթարյանին նկատի չունեմ։

Ո՞ւմ կողմից է եղել ճնշումը։

Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո, ճնշում է եղել։

Միայն հայտարարությունների՞ տեսքով, թե՞ այլ միջոցներով եւս։

Ես կարող եմ հայտարարությունների տեսքով գնահատական տալ, այլ ինֆորմացիա չեմ տիրապետում։

Պարոն Մխիթարյանը ձեր կոլեգան է, նա վախեցող, բիրտ ճնշմանը տուրք տվող տեսա՞կ է։

Ես Մխիթարյանին ճանաչում եմ միայն որպես օրենքով ղեկավարվող անձնավորություն։

Լավ, եթե նա օրենքով է ղեկավարվել եւ կալանավորվել է, իսկ դուք ինչո՞վ եք առաջնորդվել։

Տարբեր իրավաբաններ տարբեր տեսակետ կարող են ունենալ նույն հարցի վերաբերյալ։ Եթե ես այսօր որոշում կայացնեի, նույն որոշումը կկայացնեի, Մխիթարյանը այլ կարծիք է ունեցել փաստորեն, ինչ կարող եմ ասել։

Բայց չի կարող չէ՞ նույն օրենքը մի դեպքում ազատել Քոչարյանին, մյուս դեպքում՝ կալանավորել, նույն գործի, ապացույցների հետ գործ ունենք։

Ուրեմն մեկը սխալվել է։

Ո՞վ է սխալվել։

Ես չեմ կարող ասել։ Վճռաբեկ դատարանը գնահատական կտա։

Իսկ սխալվող դատավորի նկատմամբ ինչ-որ գործողություն լինո՞ւմ է։

Եթե ակնհայտորեն կոպիտ խախտում է թույլ տվել դատավորը, իհարկե։

Հիմա ձեր նկատմամբ ինչ-որ բան լինելո՞ւ է։

Ես չեմ կարող ասել, ես իմ կարծիքին եմ մնում, գտնում եմ, որ ճիշտ դատական ակտ եմ կայացրել՝ օրենքի տառին համապատասխան, մնացած գնահատականը թող վերադաս դատարանը տա։

Զարմացա՞ծ եք Մխիթարյանի որոշման վրա, թե՞ սպասելի է։

Չեմ կարող մեկնաբանել, ոչ զարմացած էի, ոչ էլ սպասում էի։

Կարո՞ղ է ազդել են վերջին օրերի հայտարարությունները։

Ճիշտ կլինի՝ այդ հարցը Մխիթարյանին ուղղեք, որ ճնշում է եղել դատարանի նկատմամբ, դա միանշանակ, կոնկրետ չեմ ասում Մխիթարյանի, դատական համակարգի նկատմամբ։ Անթույլատրելի եմ համարում, որ հրապարակայնորեն ինչ-որ մատ են թափ տալիս դատարանի վրա, տարբեր հայտարարություններ անում։

Կարծում եք՝ Քոչարյանը չպե՞տք է կալանավորվեր անձեռնմխելիության հիմքով։

Այո, բացի նրանից, ինչ կա դատական ակտում, ոչինչ չեմ կարող ասել, ի պաշտոն իրավունք էլ չունեմ, միայն կարող եմ ասել՝ ճիշտ դատական ակտ եմ կայացրել։

Ընտրություններից առաջ պատահակա՞ն է այս ամենը։

Որոշմանը ծանոթ չեմ, գնահատական չեմ կարող տալ, ծանոթ լինեի, էլի չեմ կարող տալ։

Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ, հիմա կարո՞ղ ենք ասել՝ դուք սխալ էիք, Մխիթարյանը՝ ճիշտ, թե՞ հակառակը։

-Չեմ կարող ասել, Վճռաբեկ դատարանը գնահատական թող տա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք ArmDaily.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ