Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները և ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ մնացած մեկնաբանությունները կտան ժամը 18։00-ին հրավիրած ասուլիսում։
Հայկ Ալումյանն ասաց, որ դատավճռը բողոքարկվելու է։
«Ընթացքը ցույց կտա վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի որոշումը»,- ասաց փաստաբանը։ «Բոլոր հնարավոր տարբերակներով բողոքարկվելու է։ Սա աննախադեպ էր իր իրավաբանական ոլորտի խախտումներով։ Բնականաբար, կայացվել է ճնշումների արդյունքում, սա ակնհայտ է»,- ասաց փաստաբան Ալումյանը։
«Մենք չենք սպասի բոլոր ատյաններում սպառվելուն, կդիմենք ՄԻԵԴ»,- իր հերթին ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը։
«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարին հայտարարել, որ նա կխուսափի նախաքննությունից։ Հակառակ գործողուըթյուններ, որոնք ցույց են տալիս, որ նա չի խոչնդոտի, չի խուսափի, Ռոբերտ Քոչարյանն արել է»,- ասաց նա։
Հարցին, թե ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանը պատասխանեց․ «ՀՔԾ-ն չեմ կարծում վայրկյան անգամ հապաղի, որովհետև նախընտրական թոդուբոհ է, չէ՞, վաղը լռության օր է, հարկավոր է ամեն բան էսօր հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին։ Շատերը կքվեարկեն թիվ 4-ի օգտին, ես՝ ոչ։
Սա միանշանակ քաղաքական որոշում է։ Հարկավոր է հայերեն կարդալ իմանալ, ոմանք հայերեն կարդալ չգիտեն կամ չեն ուզում կարդալ հայերեն, որովհետև եթե կարդային հայերեն, ապա այս գործընթացը սկսված չէր լինի»,- ասաց Ռուբեն Սահակյանը։
Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի որոշմանը, Ռուբեն Սահակյանն այն համարեց խուսափողական, «իր կաշվից հեռու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը