30 11 2018

Ոչ ոք իրավունք չունի հողը զիջման կամ առևտրի առարկա դարձնելու. Հրանտ Մարգարյան

Ոչ ոք իրավունք չունի հողը զիջման կամ առևտրի առարկա դարձնելու. Հրանտ Մարգարյան

Ինքնապաշտպանության կազմակերպումը Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում և Արցախում. Իրինա Բարսեղյան-Կրպեյանի «Ժամանակի վկան» (03.03.2016) հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, 90-ական թվականներին ՀՅԴ մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանը:

Հայաստան գալու որոշումը կայացրել եմ 1988 թվականի առաջին ցույցերի ժամանակ: Երբ առաջին ցույցերը եղան, և մենք արտասահմանում տեսանք այդ ցույցերը, գուցե նույն երեկո ես որոշեցի` պետք է Հայաստան գամ: Իմ այդ որոշման մասին հայտնեցի Դաշնակցության` այդ ժամանակվա ղեկավարությանը և 1990 թվականի սկզբին ընտանիքիս հետ հայտնվեցի Հայաստանում` որպես ՀՅԴ Բյուրոյի գործիչ: Միաժամանակ ունեի պատասխանատվություն Ղարաբաղյան ազատամարտում խմբերի կազմակերպման հարցում: Դաշնակցությունը նոր էր գործունեություն վերսկսել Հայաստանում` 1990 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ  առաջին դեպքերը տեղի ունեցան Շահումյանում, ուր կրակոց կար, և առաջին զոհերը եղան Շահումյանում ու Գետաշենում: Շահումյանի շրջանի ղեկավարության որոշ անձինք դիմեցին Դաշնակցությանը` օգնության ակնկալիքով: Մենք արդեն սկսել էինք մեր կոմիտեների մակարդակով մարտական պատրաստվածության որոշ մարզումներ իրականացնել: Առաջին խմբերը ձևավորվում էին: Նախքան դա էլ կային ինչ-որ կապեր, բայց կազմակերպված բնույթ չուներ այդ ամբողջը:  

1990 թվականի սեպտեմբերի 2-ին առաջին խմբերը Հայաստանից մեկնեցին Շահումյան, եթե չեմ սխալվում` շուրջ 40 հոգի` զինված: Ուղղաթիռով իջան Շահումյանի անտառներում, և մեր առաջին բազան, հենարանը ստեղծվեց այնտեղ: Այնտեղ սկսեցինք մարզել նաև Շահումյանի տղաներին` տեղի ուժերին, մարզված խմբերը զինել և ինքնապաշտպանությանը տալ կազմակերպված բնույթ: Մենք քաջ գիտակցում էինք, որ Շահումյանը պաշտպանելու համար մեզ անհրաժեշտ էր ներկայություն լինել և կազմակերպել նաև Գետաշենի ու Մարտունաշենի պաշտպանությունը: Ցավոք, երբ Մարտունաշենում առաջին զոհերը եղել էին, դա շատ վատ էր անդրադարձել տեղի բնակչության վրա` մերժում էին մարտական որևէ ուժի ներկայություն իրենց շրջանում: Դա լուրջ խնդիր էր:

Թաթուլը (խմբ.-Ազգային հերոս, ՀՅԴ անդամ Թաթուլ Կրպեյան) մտավորական զինվոր էր, մտավորական ազատամարտիկ էր: Հիշում եմ` մենք զինված գնացինք Շահումյան, Թաթուլը մի ճամպրուկ դասագրքով ուղղվեց դեպի Գետաշեն: Ի զարմանս ինձ` շատ արագ կարողացավ գյուղում, բնականաբար` դժվարությամբ, բայց ընդունելի դառնալ, իբրև ուսուցիչ աշխատել և սկսեց ձևավորել առաջին խմբակները: Հետո մենք երկրորդ, երրորդ, չորրորդ ազատամարտիկին էլ այնտեղ ուղարկեցինք` դարձյալ որպես ուսուցչի օգնական, ուսուցչի անվան տակ: Առաջիններից էին Արթուր Ղարաբեկյանը, որը զոհվեց Գետաշենում, Արամ Պողոսյանը: Բոլորն էլ երիտասարդ, ուսանող տղերք էին, բոլորն էլ` կրթված, զարգացած, ուղղվեցին դեպի Գետաշեն, և այնտեղ ձևավորվեց առաջին ինքնապաշտպանական խումբը: Առաջին բանը, որ մենք հաջողեցրինք, ռադիոկապն էր, որը մի կողմից ստեղծում էր Գետաշենի և Երևանի միջև կապի հնարավորություն, մյուս կողմից` Գետաշենի և Շահումյանի միջև: Երկրորդ բանը, որ արեցինք` Մարտունաշեն, որը Գետաշենին կպած երկրորդ հայկական ավանն էր, ուղարկեցինք մի նոր խումբ` Դեդի գլխավորությամբ,  հիմնականում կազմված Արաբոյի ջոկատի տղաներից: Դեդը ևս մտավորական մարդ էր, տարիքով մեծ, կայացած մտավորական էր, բայց, միաժամանակ, մարտական էր իր ամբողջ  պահվածքով: Գուցե կարճ ժամանակ է դա` 1990-ի սեպտեմբերից մինչև Գետաշենի անկումը, բայց հսկայական գործ էր կատարվել: Գյուղի սկզբնական դիմադրությունը, վախը` ինքնապաշտպանությունից, կոտրվել էր, և հակառակ տրամադրությունն էր զարգանում, կար վստահություն, որ պաշտպանված են և կարող են դիմանալ: Բնականաբար, մենք կարող էինք պաշտպանվել մեր` նման ուժի հարաբերակցությամբ, այսինքն` ադրբեջանցիների ուղղությամբ էր այդ պաշտպանությունը: Իսկ երբ Գետաշենի անկումը տեղի ունեցավ, արդեն միայն ադրբեջանական ուժեր չէին, այնտեղ խորհրդային բանակն էր, որ իր ամբողջ ուժով, տեխնիկայով, հնարավորություններով հրապարակ դուրս եկավ: Կարծում եմ` դա էր հիմնականում, որ ձախողեցրեց մեր ինքնապաշտպանության ծրագիրը:

Խնդիրը ինչ էր. մենք գիտեինք, որ պետության տեղը չենք կարող լցնել, մենք պետության դերը չենք կարող ունենալ, մենք մեր առաքելությունն էինք համարում` կազմակեպել ժողովրդի ինքնապաշտպանությունը և պարտավորեցնել  Հայաստանի իշխանության, որ տեր կանգնի Ղարաբաղյան պայքարին: Մեր նպատակը դա էր, ոչ թե այն, որ, Հայաստանի պետականությանը զուգահեռ, այնտեղ ստեղծենք ինչ-որ մի ուժի կենտրոն: Փաստորեն, այդպես էր ստացվում. փաստ է` Ղարաբաղում բանակի կազմակերպումն ավելի արագ է տեղի ունեցել, քան Հայաստանում, և այդ բանակի ակունքներում կանգնած էր Դաշնակցության մարտական կառույցը, որը, ի տարբերություն մյուս ջոկատների, որ գալիս էին Ղարաբաղ ու վերադառնում, ուներ ընդհանուր ծրագիր. կար ինքնապաշտպանության ծրագիր, կար կազմակերպվածություն, քաղաքականություն, թե ինչը պիտի պաշտպանենք, ումից և ինչից պետք է պաշտպանենք: Մյուս ջոկատների պարագայում դա այդպես չէր:

Ինչո՞ւ էր այդպես: Ես կասեմ. նախ` Հայաստանում իշխանության մեջ բոլորն այդ ձևով չէին մտածում, այլ կերպ էր մտածում Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ կերպ էր վերաբերվում Վազգեն Սարգսյանը: Առաջին օրվանից մինչև վերջ ՀՅԴ-ն ունեցել է համագործակցություն Վազգեն Սարգսյանի հետ: Մենք այդ առումով խնդիրներ չէինք ունեցել, բայց ունեցել ենք լուրջ խնդիրներ Լևոն Տեր -Պետրոսյանի հետ: Երբ 1990-ի սեպտեմբերին նոր էինք խմբերն ուղարկել, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի նախագահ էր, մի առիթով ինձ կանչեց և ասաց` խմբերը պետք է ետ կանչել: Ասացի` ինչո՞ւ, ասաց` դուք քաղաքական կուսակցություն եք, մարտական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեք: Ասացի` Ֆրանսիայում էլ ունենք մարտական խումբ, հե՞տ կանչեմ: Ասաց` ոչ, ինձ չի հետաքրքրում, թե դուք Ֆրանսիայում ինչ ունեք: Ասացի` բա ինչո՞ւ է հետաքրքում` Ադրբեջանում ինչ ունենք: Նրան բացատրեցի, որ եթե վստահ է` վտանգ չի սպառնում ժողովրդի ֆիզիկական գոյությանը, հայտարարի, մենք անպայման հետ կկանչենք մեր խմբերը, որովհետև հիվանդ չենք` ծախս անենք, պատասխանատվություն վերցնենք, գործ անենք մի տեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Իսկ եթե ժողովուրդը ֆիզիկապես վտանգված է, Աստված էլ իջնի, մենք ժողովրդի համար պատասխանատվություն ենք զգում և պետք է մեր պարտականությունը կատարենք: Իշխանության վերաբերմունքը միանշանակ և միաձև չէր, դա` մեկ: Երկրորդ` Հայաստանում հետաքրքիր վիճակ էր. մինչև օդանավակայան եթե զենք հայտնաբերեին, մեզ կձերբակալեին, սակայն օդանավակայանում կար, այսպես ասած, ներքին ըմբռնում` զենքով Ղարաբաղ մեկնելու ազատություն, բայց Ղարաբաղից զենքով չէիր կարող վերադառնալ: Մենք զենքով չէինք վերադառնում, զենքերը թողնում ու վերադառնում էինք:  Բայց նաև պետք է ասել, որ կարող էին կանխել, սակայն կանխելու դեպքում կպայթեր հայկական իրականությունը: Այդ ժամանակ հիմնական հարցը դա էր: Եթե նույնիսկ ուզենային կանխել, չպետք է կարողանային, որովհետև պահանջը մեծ էր, պահանջը կենսական էր. այնտեղ իսկապես վտանգ կար, գյուղերն իսկապես վտանգված էին: Ես հավատացած եմ` եթե Թաթուլը չլիներ, և Գետաշենում կազմակերպված գործողությունը չլիներ, Գետաշենը կընկներ 1990-ի սեպտեմբերին: Սա իրողություն է, և Գետաշենի անկումը հենց այնպես մի գյուղի անկում չէր: Փաստորեն, երբ Գետաշենն ընկավ, Մարտունաշենն ընկավ, Բուզլուխը, Մանաշիդը, Էրքեշը, վերջապես` Շահումյանն ընկավ: Մինչև Դրմբոն հասան ադրբեջանցիները: Այսինքն` մենք ճիշտ ուղղությամբ էինք աշխատում: Ցավոք, այդ ժամանակ միայնակ մնացինք: Բավական տևեց, մինչև Հայաստանի իշխանությունը պարտավորվեց գալ Ղարաբաղ և ստանձնել ինքնապաշտպանական գործը: Թեպետ ուշացումով էր, նրանք էլ չհաջողեցին, և նահանջը գնաց մինչև Դրմբոն: Բայց հետագայում ամեն ինչ ճիշտ եղավ…

Բայց ամենակարևորն ինչ էր Թաթուլի կերպարի մեջ`  նրա քաջությունը, ինքնավստահությունը հանգստություն էին տալիս բոլորին: Այդ ինքնավստահությունը նրան տալիս էր հեղինակություն ունենալու իրավունք: Այս հեղինակությունն ու մտավոր կարողությունները դաստիարակելու կարելիություն էր ստեղծում: Այն տղերքը, որ գնում էին Թաթուլի մոտ, ամենադաժան, ամենախիստ պայմաններում էր, որ պետք է մարտական ծառայություն անցկացնեին: Նրանք վերադառնում էին հիացմունքով, վերադառնում էին` Թաթուլի նկատմամբ պաշտամունք ունենալով, վերադառնում էին ավելի հայրենասեր, ավելի կարգապահ ու գիտակից դարձած: Նրա տեսակի առավելությունը դա էր: Հավատացած եմ` եթե Թաթուլը չլիներ Գետաշենում, այսօր ղեկավար հանգամանքների մեջ էր լինելու: Ցանկացած կորուստ մեզ համար դաժան է: Ցանկացած կորուստ մեզ համար ցավ է, սակայն կան կորուստներ, որոնց համար իսկապես շատ մեծ ափսոսանք ես զգում, որովհետև այդ կերպարը միայն առաջին ճակատում չէ, որ քեզ պետք է, քեզ պետք է միշտ, ամենուր` քո պետական մակարդակում: Այդ տեսակը պետք է, որպեսզի մենք կարողանանք կազմակերպված հայրենիք ունենալ, արդար հայրենիք ունենալ, ներքին հանգստություն ունենալ , կարողանանք զարգացում ապրել: Դրա համար Թաթուլի կորուստը մեզ համար կրկնակի, եռակի ցավ է:

Երբ Թաթուլը վերջին անգամ Երևան էր եկել, մենք վիճեցինք իրար հետ: Նա, կարծես, նախազգում էր այդ օրերը և ինձնից պահանջում էր ավելի մեծ ուժեր, հնարավորություններ, որ կարողանա ավելի կազմակերպված վիճակի մեջ դնել ինքնապաշտպանությունը: Այդ օրերին մենք չունեինք այդ հնարավորությունը: Այդ օրերին դարձյալ վտանգը կանխատեսում էինք, զգում էինք, որ օր օրի դժվարանում է, բայց մենք այլ ծրագիր ունեինք, այսպես ասած` ինքնապաշտպանական կռվից անցնել պարտիզանական կռվի: Եվ առաջին պարտիզանական խմբերն էին ձևավորվում: Փաստորեն, առաջին պարտիզանական` հայդուկային հարձակումները տեղի ունեցան ապրիլի 30-ից առաջ` ապրիլի 1-ին, 2-ին Խոջալուում, Լեսնոյում և Ղարադախլըում:

Մեր հնարավորությունները սուղ էին, մենք չէինք կարող օգնել: Բնականաբար, անկախ նրանից` ես ճիշտ եմ վարվել, կամ Թաթուլի պահանջն իրականանալի էր կամ չափազանցված, դա ինձ մոտ խոր ցավ է առաջացնում, որովհետև ես չեմ կարողանում Թաթուլին հիշել առանց այդ վերջին պահը չհիշելու, և դա դժվարացնում է ապրելը…

Մենք` որպես Դաշնակցություն, չենք համարում, որ Շահումյանն ու Գետաշենը վերջնականապես կորցրել ենք: Մենք հավատում ենք, որ կվերադառնանք, կազատագրենք Շահումյանն ու Գետաշենը: Ես տեսել եմ նաև իմ ոչ անմիջական շրջապատում, որ այդ հավատն ու տրամադրությունն ուժեղ են: Մենք անգամ ամենածանր օրերին, երբ մինչև Դրմբոն գրավված էր ադրբեջանցիների կողմից, նրանց սրտի մեջ` Շահումյանի անտառներում, հայդուկային կռիվ ծավալեցինք` Շահեն Մեղրյանի գլխավորությամբ: Դրանք հերոսական գործողություններ էին: Հայոց պատմության մեջ գուցե ոսկե տառերով պետք է գրվի. այդ թուրքական ծովի մեջ մենք մի տեղ կազմակերպված` նրանց սրտի միջից սկսեցինք հայդուկային կռիվ, որը շատ մեծ արդյունք ունեցավ: Եթե այդ սխրանքը, համարձակ քայլը, որ գուցե երևակայությունից դուրս էր, մենք կարողացանք անել, այսօր էլ կարող ենք: Ինչո՞ւ չենք անում, պատասխանը թե’ գիտեմ, թե’ չգիտեմ:  Կարծում եմ` շատ բան ունենք պաշտպանելու և փրկելու: Գուցե ճիշտ չէ, որ ամեն ինչ միաժամանակ և նույն պահին ուզենք: Վերջապես, ամեն պահանջ էլ պետք է ծրագրված հետապնդում ունենա, ապա թե ոչ` կարող է արկածախնդրության նմանվի և անարդյունք լինի:

Մենք միշտ պահանջել ենք, որ երբ տարածքների մասին խոսք է լինում, չպետք է մոռանանք Շահումյանն ու Գետաշենը, չպետք է մոռանանք Մարտակերտի դաշտային որոշ մասեր, որոնք դեռ ադրբեջանական բռնագրավման են ենթակա: Համենայն դեպս, բանակցությունների սեղանի շուրջ մանրամասնությամբ ինչ է տեղի ունենում, դժվար թե կարողանամ ասել: Մի բան կարող եմ ասել` թվում է, որ այդ բանակցությունները ձախողված են, ուրեմն ձախողված բանակցությունների համար պետք չէ կռիվ անել: Բայց Շահումյանի և Գետաշենի առաջին պահանջատերը` շահումյանցիներն ու գետաշենցիները, թույլ տվեք ասել` նաև Դաշնակցությունը, պետք է պահանջենք, որ դա դառնա համահայկական պահանջ, նաև` պետական պահանջ:

Ես մի բան գիտեմ` եթե քաղաքականության մեջ զիջումը միակողմանի է, եթե զիջումը հեշտ է կատարվում, ոչ միայն չի կանխում դիմացինի ագրեսիան, ոչ միայն խաղաղության պատճառ չի դառնում, այլև ինքնասպանության պատճառ է դառնում: Մենք ուրիշի հողը չենք ուզում, մենք ուրիշի իրավունքը չենք ուզում, մենք ուրիշի հարստությունը չենք ուզում, մենք մերն ենք ուզում: Կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի դա առևտրի կամ զիջման առարկա դարձնելու:

Մենք 9 դար հետո փաստացի ունենք առաջին հաջողությունը: Առաջին հաջողությունը պետք է հաղթանակի վերածել, այն պետք է լինի լիարժեք, և դա չի կարող լինել առանց Շահումյանի և Գետաշենի:

Միշտ էլ կարելի է անել շատ ավելին, քան արվում է: Մեր առաքելությունը հենց դրա մեջ է, որ ուրիշները փորձել են հնարավորը կարելի դարձնել, մենք հաճախ կարողացել ենք անկարելին կարելի դարձնել: Վստահ եմ` այդ առումով կարելի էր ավելի շատ անել, շատ ավելի մեծ կազմակերպվածություն ունենալ: Համենայն դեպս, այն, ինչ մեզ խանգարեց, ռուսական գործոնն էր, ռուսական բանակի դերակատարությունն էր, որ ստեղծեց ուժերի անհավասարակշռություն: Դա էր, որ մեզ ստիպեց կորուստներ ունենալ: Եթե դա չլիներ, և եթե Հայաստանը լիներ ճիշտ ղեկավարված երկիր և ունենար արդեն կազմակերպված բանակ, ես հավատացած եմ` մենք այսօր կարող էինք Կուր գետի ափին կանգնել: Բայց անիմաստ է սրա մասին խոսել:  

Ափսոս, որ միայնակ էինք: Շատերը կային` ոչ դաշնակցական, որ կռվեցին Գետաշենում և զոհվեցին: Պատիվ, հարգանք իրենց, բայց, իբրև կազմակերպված ուժ, իբրև ազգային ուժ, պետական կարողություն ունեցող, համազգային կարողություն ունեցող ուժ, մենք միակն էինք: Դա, վերջիվերջո, իր հետևանքն ունեցավ:

Երբ վտանգը կախված էր Շահումյանի գլխին, այդ վերջին մեկ շաբաթը ես չեմ մոռանա: Եղանակը լավ չէր, մենք չէինք կարողանում Շահումյան գնալ, ուղղաթիռի հնարավորություն չկար, երկու-երեք օր մեր տղերքն օդանավակայանում մնացին, չկարողացան մեկնել: Հիմա ոմանք դա վերագրում են, որ ծրագրված խոչընդոտում էր: Ես այդպես չեմ ուզում մտածել: Ցավալի էր, ես չեմ անջատում Գետաշենից, բայց Շահումյանի պարագայում առնվազն կարողացանք կազմակերպել հայդուկային կռիվը, որը մեզ առնվազն տվեց այն վստահությունը, որ մենք երբ ուզենք, կարող ենք ազատագրել այս տարածքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ