28 11 2018

ԵՏՄ նիստին քննարկել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

ԵՏՄ նիստին քննարկել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵՏՄ երկրների վարչապետների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:

Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Բելառուսի նախագահի հետ քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը, ասաց․ «Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում կնճռոտ հարցեր, այդ թվում ԵՏՄ-ին անմիջականորեն չվերաբերող, այդ գործընկերության այլ ձեւաչափերին վերաբերող, չթաքցնեմ, նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության մասին ենք խոսել: Մանրամասներ, իհարկե, չեմ հաղորդի, քանի որ փակ քննարկում էր, բայց կարող եմ վստահեցնել, որ բավականին կառուցողական է եղել քննարկումը եւ ՌԴ վարչապետի, եւ Բելառուսի նախագահի, եւ մյուս մեր գործընկերների դիրքորոշումը»:

Նա հաստատեց, որ խոսել են նաեւ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման մասին, որին խիստ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանը. «Բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք, բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է լուծված համարում այդ հակասությունը, Միրզոյանը պատասխանեց. «Հակասություն չէ, ես կանվանեի խնդիր: Տարբեր ձեւաչափերում եթե կա գործընկերություն, կան նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ չեն լուծվում: Սա այդ խնդիրներից մեկն է: Իհարկե, հարցը երեկ չլուծվեց, որովհետեւ նախեւառաջ այդ ձեւաչափը չէր, սա ԵՏՄ հանդիպում էր, ոչ թե ՀԱՊԿ-ի, բնականաբար, լուծվել չէր կարող: Բայց շուտով կկայանա ՀԱՊԿ-ի հերթական հավաքը եւ այդ ժամանակ գուցե հարցը լուծում ստանա: Քննարկումը, որին ես եմ մասնակցել, շատ կառուցողական էր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ