Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերը, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, նոյեմբերի 25-ին Ազովի ծովում խախտել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը, գտնվում են Կերչի նավահանգստում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Համապատասխան կադրերը հրապարակվել են համացանցում:
Աղբյուրը նշում է, որ «Բերդյանսկ», «Նիկոպոլ» երկու զրահանավակն ու «Յանի Կապու» քարշակն այժմ ծածկված են քողարկիչ ցանցով: Քարշակի մի հատվածում տեսանելի են ռուսական նավերի հետ կապված միջադեպի հետևանքով առաջացած վնասվածքները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ:
Զախարովայի խոսքով` պատճառը ուկրաինական կողմի սադրիչ և ագրեսիվ գործողություններն են:
Նա նաև ասել է, որ Արևմտյան երկրները, որոնք ազդեցություն ունեն Ուկրաինայի վրա, պետք է Կիևին ազդաշնշան ուղարկեն` ՌԴ-ի դեմ սադրիչ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը