Ուկրաինայի զինված ուժերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ լիարժեք մարտական պատրաստության են բերվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ երկրի ՊՆ մամուլի ծառայությանը հղում տալով:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրություն մտցնել: Նման առաջարկով է հանդես եկել նաև երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Առաջարկն օրինագծի տեսքով նոյեմբերի 26-ին կքննարկվի Գերագույն ռադայում։
Gazeta.ru-ն հաղորդում է, որ ռուսական կողմը պահանջել է Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին։
«Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման ու դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին Ռուսաստանը պահանջել է նոյեմբերի 26-ին ԱԽ-ի՝ բաց ձևաչափով շտապ նիստ գումարել»,-նշել է պաշտոնյան:
Նոյեմբերի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը