23 11 2018

Շարմազանովը մտահոգված է պատկան մարմինների լռությամբ



Նոր իշխանությունների կողմից 6-7 ամսվա ընթացքում վարվող քաղաքականությունը բավարար էր հասկանալու համար, թե որ ուղղությամբ է գնում երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երկու-երեք օրից սկսվում է ափալ-թափալ ընտրությունների քարոզարշավը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը: 6-7 ամիսը բավարար էր, որ մենք նայեինք, տեսնեինք, թե որ ուղղությամբ է գնում մեր երկիրը: Ես բարձրաձայնել եմ մի շարք մտահոգություններ, դրանք հարվածում են մեր ազգային-քրիստոնեական արժեքներին: Ակնհայտ է ուղղակի, անուղղակի հակաքարոզ ավանդական արժեքների նկատմամբ, ակնհայտ է պղծության, համասեռամոլության, թմրանյութերի օգտագործման քարոզ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով չպետք է տպավորություն ստեղծվի, թե ինքը և իր քաղաքական ուժը մեղք չեն գործել և ինքը հանդես է գալիս մտահոգ քաղաքացու դիրքերից:

«Երբ մենք քննադատում ենք, վարչապետն ասում է՝ ինչու իրենց իշխանության ժամանակ համասեռամոլություն չի՞ եղել: Ոչ մեկն իրենց չի ասում՝ համասեռամոլությունը ծնվել է Փաշինյանի կառավարման շրջանում: Դրանք եղել են 1000, 2000 տարի առաջ: Խոսքը քարոզի մասին է: Ես ո´չ ՀՀՇ-ի, ո´չ ՀՀԿ-ի կառավարման շրջանում չեմ հիշում դեպք, որ վեհարանի գրավման փորձ կատարեն, չեմ հիշում, որ մարդկանց, որ հայտարարեին, որ Հայոց եկեղեցու պատմությունն ավելորդ առարկա է, իրեն պաշտոն տանք»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մտահոգված է պատկան մարմինների լռությամբ: Ըստ նրա՝ զրո է այն կրթության արժեքը, որը չունի ազգային նկարագիր:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ