Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա»: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը Դավթյանը մի կողմից Սիրիայում տիրող իրավիճակը, մյուս կողմից Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունը մատնացույց արեց․ «Այդ երկու գործոնները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա, մանավանդ՝ հաշվի առնելով, որ անմիջապես Թուրքիայի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացին․ բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև Սիրիայում գործողություններ: Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ»:
Գլխավոր շտաբի պետը հավելեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը ապահովելու համար․ - «Ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»:
Ուսանողներից մեկը Ռուսաստանից ձեռքբերված «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին հարցրեց՝ նկատելով, որ այն հանրությանը չի ներկայացվում: Արդյո՞ք զորավարժանքներ կամ մարտական գործողություններ անցկացվել են այդ զինատեսակից:
«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը, կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժություններ մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն է անցկացվել «Իսկանդերի» մասնակցությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը