19 11 2018

Ինչպե՞ս քվեարկել դեկտեմբերի 9-ին․ տեսանյութ



Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն անիմացիոն հոլովակ է թողարկել, որում ներկայացվում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը:

Ընտրողը, այցելելով քվեարկության սենյակ, մոտենում է  մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:
Մասնագետը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգում է ընտրողի ինքնությունը և անձը հաստատող փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին անմիջապես հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները:

Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրաններին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից: Եթե տեխնիկական սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ապա ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվում են մասնագետի կողմից:

Եթե ընտրողը գրանցված է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան: Ընտրողը ներմուծում է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը:

Մասնագետն ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և քվեարկության կտրոնը վերադարձնում է ընտրողին, որից հետո վերջինս գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին տալիս է իր քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում փնտրում է իրեն մոտեցած ընտրողի անուն ազգանունը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց:

Հանձնաժողովի անդամը ընտրողի ստորագրության դիմաց և քվեարկության կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ընտրողների ցուցակում չեն լրացվում: Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում քվեաթերթիկները և քվեարկության մեկ ծրար, անցնում է քվեարկելու: Ընտրողը պետք է ստանա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները: Նա չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց:

Ընտրողը քվեախցիկում քվեարկում է գաղտնի: Նախ՝ քաղաքացին ընտրում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի առաջին էջում ընտրողը որևէ նշում չի կատարում: Քաղաքացու ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում է նրա տվյալները և կատարում միատեսակ նշում, ապա քվեաթերթիկը առանց ծալելու դնում ծրարի մեջ: Ընտրողը չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ: Հանձնաժողովը պետք է ապահովի քվեարկության գաղտնիությունը, իսկ թե ինչպես է քվեարկել քաղաքացին՝ գիտի միայն ինքը:

Ընտրողը պետք է ուշադիր լինի, որպեսզի կտրոնը քվեախցիկում չթողնի:

Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա, հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու:

Եթե ընտրողը կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Քվեարկելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է նրա կտրոնը և, առանց քվեարկության ծրարը ընտրողից վերցնելու, քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփը ճեղքը, և ընտրողը քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ