10 11 2018

Փայլանը հայ-թուրքական սահմանը բացելու նոր գործընթաց սկսելու կոչ է արել

Փայլանը հայ-թուրքական սահմանը բացելու նոր գործընթաց սկսելու կոչ է արել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ առիթն օգտագործել է հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելու համար: Այս մասին տեղեկանում ենք Փայլանի պաշտոնական թվիթերյան էջից։

Հայազգի պատգամավորը նշել է, որ իր կարծիքով՝ սահմանի բացման համար նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա: «Եթե սահմանը բաց լինի՝ հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան: Եթե մենք խնդիրներ ունենք՝ կլուծենք դրանք։ Կարծում եմ, որ խնդրի վերաբերյալ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է պատգամավորը:

Ավելի վաղ Փայլանը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին, ասել էր. «Սահմանների բացումը, երկու երկրների՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը կարող է մեզ համար մի պայքար դառնալ, որը թույլ կտա իրագործել Թուրքիայի արևելյան քաղաքների ու Հայաստանի նոր հանդիպումը։ Սա Ստամբուլի հայերի համար էլ շատ կարևոր կլինի»:

Ըստ նրա՝ այժմ շատ կարևոր է Թուրքիայի հայության հետ աշխատել ոչ միայն Ստամբուլում, այլև հենց պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ