Վրաստանի ԿՀԸ-ն ավարտել է ձայների հաշվարկը: Նորընտիր խորհրդարանի 150 պատգամավորների թվում են նաև երկու հայեր՝ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Երկուսն էլ ներկայացնում են իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Այս մասին գրում է Jnews-ը:
Սամվել Մանուկյանն Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքից ընտրողների ձայների գերակշիռ առավելությամբ հաղթել է թվով 8 մրցակիցներին: Իսկ Սումբատ Կյուրեղյանը խորհրդարանի պատգամավոր է դարձել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակներով, նա 37-րդ համարն էր:
Ընդհանուր առմամբ, երկրում ձայների 1 տոկոս շեմը, որն անհրաժեշտ էր խորհրդարանում հայտնվելու համար, հաղթահարել է ինը կուսակցություն։
Համամասնական կարգի համաձայն, պատգամավորական առոթները բաժանվել են հետևյալ կուսակցությունների միջև.
«Վրացական երազանք»՝ 61 պատգամավոր,
«Միասնական ազգային շարժում»՝ 35 պատգամավոր,
«Եվրոպական Վրաստան»՝ 5 պատգամավոր,
«Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 4 պատգամավոր,
«Լելոն Վրաստանի համար»՝ 4 պատգամավոր,
«Հայրենասերների դաշինք»՝ 4 պատգամավոր,
«Գիրչի»՝ 4 պատգամավոր,
«Ալեկո Էլիսաշվիլի՝ քաղաքացիներ»՝ 2 պատգամավոր,
«Լեյբորիստական կուսակցւոթյուն»՝ 1 պատգամավոր:
Բացի այդ, համաձայն ԿՀԸ-ի տվյալների՝ «Վրացական երազանքը» բացարձակ հաղթանակ է տարել 14-րդ և 30-րդ մեծամասնական շրջաններում: Ինչը նշանակում է, որ կուսակցությունն արդեն իշխանության 75 մանդատ ունի:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայացել են հոկտեմբերի 31-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը