Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Տիմո Սոյնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ զգուշացրել է ՌԴ-ի` կազմակերպությունից դուրս գալու հավանականության մասին, գրում է Kp.ru-ն։
«Իրական վտանգ կա, որ Եվրոպայում ոչ միայն Brexit կլինի, այլև Ruxit»,- ասել է Յագլանդը։
Սոյնին, իր հերթին, նշել է, որ ՌԴ-ն և Եվրոպայի խորհուրդը միմյանց կարիքն ունեն, սակայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է հավատարիմ լինի սահմանված կանոններին:
Ֆինլանդիայի նախագահությունը կսկսվի նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև 2019-ի մայիսի վերջը:
Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: 2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարեցնում է ԵԽ-ում անդամավճարի մուծումը, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Հոկտեմբերի սկզբին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը