07 11 2018

Փաշինյանի շողքի տակ դարձել են հերոսներ․ մի շաբաթ գրիպ ընկնի, կկորեք․ Շարմազանով

Փաշինյանի շողքի տակ դարձել են հերոսներ․ մի շաբաթ գրիպ ընկնի, կկորեք․ Շարմազանով

ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ՀՀԿ–ից բոլորը, ովքեր կառաջադրվեն համապետական ցուցակով, կլինեն նաեւ տարածքային ցուցակներում։

Ըստ Շարմազանովի՝ Հանրապետականն այսօր ունի լուրջ ներուժ խորհրդարանական երկրորդ ուժը լինելու համար՝ Նիկոլ Փաշինյանի թիմից հետո. «Մեր պայքարը դրա համար է։ Մենք պետք է լինենք 2-րդ բեւեռը խորհրդարանում, չկա այլ բեւեռ։ Կա Նիկոլ Փաշինյան եւ նրա կողմնակիցներ, նրան սպասարկողներ, հեղափոխությունը ողջունողներ, նրան ծափահարողներ, հիմա հենց գլխի են են ընկել, որ ընդդիմության համար 30 տոկոս կա, արա, ասում են՝ կարող ա՞ քննադատենք, բա քննադատեիք, էս ո՞ւր էիք։

Իսկ նրանց, ովքեր «գուժում են ՀՀԿ–ի վախճանը», խորհրդարանում չլինելը, Շարմազանովը խորհուրդ է տալիս «իրենց լացը լացել, իրենց  դարդերով տապակվել»։

Շարմազանովը կարծում է՝ շատ պատճառներ կան, որից ելնելով ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկեն ՀՀԿ–ի օգտին։

«Այս վեց ամսվա մեջ գնաճը արեցիք, ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղարին «զադնի» եք քաշում, Իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11 անգամ պակասել են, Ֆրանկոֆոնիան, որ անում եք ու ծափահարում եք Փաշինյանին, դա մեր արած Ֆրանկոֆոնիան ա, Մերկելը որ գալիս ա ու հետը սելֆի եք անում, էդ մեր հրավերն ա, էդ որ ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղար ունենք, էդ մենք ենք արել, էդ որ ԵՏՄ ենք մտել, մենք ենք արել, էդ որ տնտեսական չնչին աճ ունենք, էդ ճիշտ ա ասում Փաշինյանը՝ իներցիոն, Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ–ական կառավարությունների իներցիան ա, էդ որ ԵՄ–ի հետ համաձայնագիր եք ստորագրել, էդ դուք չեք ստորագրել, որտեղ Ղարաբաղի հարցը հստակ գրված ա, էդ մենք ենք ստորագրել, մեր իշխանության ժամանակ Բոլթոններ չեն գալիս Հայաստան ու ասում ձեր «պատմական կաղապարներից» հրաժարվեք, մեր իշխանության ժամանակ Բայդենը զանգում էր նախագահ Սերժ Սարգսյանին ու ասում էր՝ մենք հարգանքով ենք վերաբերում ձեր որոշմանը, մեր իշխանության ժամանակ Հայոց ցեղասպանությունը 10-ից ավելի երկրներ էին ճանաչել, եւ այնպիսի պետություն, ինչպիսին Գերմանիայի Դաշնությունը, որն առաջին աշխարհամարտում եղել ա Թուրքիայի դաշնակիցը։ Մեր իշխանության ժամանակ կարմիր գծեր ու կամերաներ են դրել, որի համար բոլորդ մեզ քննադատում եք, բայց էսօր վայելում է նոր կառավարությունը ու տենց լիքը»։

Եթե Լենա Նազարյանը ամեն ինչով պարտական է Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովը պարտական է միայն Աստծուն ու իր ծնողներին։ Շարմազանովն այսպես մեկնաբանեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունը, թե ժամանակին Էդուարդ Շարմազանովին Սամվել Ալեքսանյանն է անցկացրել խորհրդարան։

«Ես իմ քրիտինքով, իմ պայքարով դա ապացուցել եմ, պարոն Աշոտյանը նույնպես, Վիգեն Սարգսյանը նույնպես, մեր ՀՀԿ–ական գործընկերները նույնպես։ Որպեսզի քննադատեք պարոն Աշոտյանին ու պարոն Շարմազանովին եւ իր նմաններին, մեր արածի մի տոկոսը կանեք, երբ 10 տարի կլինեք իշխանության, ձեր աշխատանքի արդյունքը կտեսնենք, նոր կխոսենք։ Հերիք է Նիկոլ Փաշինյանի թիկունքում աչոկներ հավաքեք։ Նիկոլ Փաշինյանի շողքի տակ դարձել են հերոսներ, դուք ձեզանից զրո քաղաքական կապիտալ եք ներկայացնում։ Նիկոլը չլինի, մի շաբաթ գրիպ ընկնի, կկորեք սաղդ քաղաքական դաշտից»,–նշեց նա՝  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առողջություն ցանկանալով. «Բայց Աստված պարոն Փաշինյանին առողջություն տա, ոչ թե ՔՊ–ի, այլ մեր պետությանը պետք է, մեր վարչապետն է»։

Այն խոսակցությունները, թե Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվել է հատուկ Շարմազանովի համար, որպեսզի վերջինս ելույթներ ունենա, նա արձագանքեց. «Ես Ալավերդիում բացի իմ հայրական տնից նույնիսկ մի հատ գարաժի բուտկա չունեմ։ Ես ալավերդցի եղել եմ, կամ ու կմնամ, բայց իմ հույսը միայն  Ալավերդին չի։ Ես Ալավերդիի պատիվը պահել եմ 1990-ականներին, երբ «Что? Где? Когда?»-ի Հայաստանի չեմպիոն էի։ Ես Ալավերդիում թշնամիներ չունեմ, բայց իմ ձայները միայն Ալավերդիից չէ։ Բայց այնքան ձայն կբերեմ, որ իմ ընկեր Էդմոն Մարուքյանը հաճելիորեն կզարմանա»,– եզրափակեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ