Հարավային Ամերիկայից ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների 4.000 հոգանոց «քարավանը» հասել է մեքսիկական Վերակրուս նահանգ, որտեղ հանցավորության մակարդակը շատ բարձր է։ Այնտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում նարկոկարտելները հարյուրավոր մարդկանց են առևանգել, հաղորդում է Daily Mail-ը։
Գաղթականները մոտեցել են այն ճանապարհին, որը հայտնի է «մահվան ճանապարհ» անունով։ Նարկոկարտելների անդամներն այս հատվածում դարանակալում են մարդկանց, առևանգում նրանց ու հետո փրկագին պահանջում: Վերջին տարիներին այստեղ հարյուրավոր մարդիկ են անհետացել:
Նշվում է, որ ներգաղթյալների առաջին «քարավանը» գտնվում է ԱՄՆ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող հազարավոր ներգաղթյալների «քարավանների» ու նախագահ Դոնալդ Թրամփի՝ նրանց հանդեպ կոշտ դիրքորոշմանը, հաղորդում է The Guardian-ը
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հարավային Ամերիկայից եկող ներգաղթյալների թվում բազմաթիվ հանցագործներ կան, և այդ «քարավանները» վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: «Դա պարզապես քաղաքական հնարք է: Նրանք մեզ ասում են, որ Ամերիկայի համար միակ ամենամահացու սպառնալիքը հազարավոր մղոններ հեռու գտնվող այդ աղքատ, կոտրված ու սոված փաստականների խո՞ւմբն է»,- հայտնել է Օբաման՝ Ինդիանա նահանգումտեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահման է ուղարկել 100 զինծառայողի, որոնք սպասում են բազմահազարանոց «քարավանին»: Սահմանին կտեղակայվի ամերիկյան 7.000 հոգանոց զորք, Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է զինծառայողների թիվը հասցնել 15.000-ի: ԱՄՆ նախագահը դեմ է ներգաղթյալներին ապաստան տալուն և նրանց նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողներն ի պատասխան իրենց ուղղությամբ նետված քարերի՝ կրակ կբացեն «քարավանի» անդամների ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը