04 11 2018

«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին

«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում «Ելք» կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև «Ելք» դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։ «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը, «Հանրապետություն» Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» Կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։

«Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։ Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում «Ելք» դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։ Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու։  

Հարգանքով`Լուսավոր Հայաստան կուսակցություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ