Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սուրբ Աթոռում առաքելությունն ավարտող Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը և կից ներկայացրել համառոտ ֆիլմ՝ հնգամյա աշխատանքի վերաբերյալ:
«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,
Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ:
Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար:
Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:
Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»,- գրել է Միքայել Մինասյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը