01 11 2018

Խաղից առաջ կանոնները չպետք է փոխվեն. Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ ԸՕ-ի փոփոխման մասին

Խաղից առաջ կանոնները չպետք է փոխվեն. Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ ԸՕ-ի փոփոխման մասին

«Խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նաև գործող Ընտրական օրենսգրքով, խնդիր չկա, եթե Հայաստանի Ազգային ժողովը որոշել է օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունել, ուրեմն՝ պետք է ընտրությունները կազմակերպել այս օրենսգրքով, թեև շատ փոփոխություններ մենք դրական էինք գնահատել»,-  լրագրողների հետ զրույցում  ասել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն` հույս հայտնելով, որ եթե գործող իշխանությունն արտահերթ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմի, ապա կկարողանա դրական կերպով կառավարել երկիրը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հանդիպումից տպավորություն ստացա, որ նրանք մտադիր են ՀՀ-ում իրավիճակ փոխել, Ընտրական օրենսգիրքը բարեփոխել: Կարծում եմ, որ ընտրություններից հետո էլ ԱԺ-ն կրկին կքննարկի օրենսգրքի այն բարեփոխումները, որոնք առաջարկել է նոր կառավարությունը, բայց որոնք այս ընթացքում չընդունվեցին»:

Ջաննի Բուքիքիոն գործող իշխանություններին կոչ է արել ԱԺ ընտրություններից հետո կրկին ձեռնարկել ԸՕ-ի բարեփոխումները, սակայն այնպես, որ այդ գործընթացը լինի թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով.

«Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է օգնել բարեփոխված Ընտրական օրենսգիրք ունենալուն: Ճիշտ է, ՀՀ նոր կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի, բայց ես լավատես եմ

Ճիշտ է, Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ ընտրական օրենսդրությունում փոփոխությունները պետք է կատարել մեկ տարի առաջ. խաղից առաջ խաղի կանոնները չպետք է փոխվեն: Սակայն Հայաստանի դեպքում սա բարելավման հարց է, և երբ ունենք լավ փոփոխություններ, չպետք է հակադրվենք դրանց: Փոփոխությունները ողջունելի են, թեև ես, իհարկե, կնախընտրեի, որ ամեն ինչ արվեր ավելի շատ ժամանակ ունենալով, ավելի շատ երկխոսությամբ: Բայց մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի քաղաքական իրավիճակն ու իրավիճակի հստակեցման անհրաժեշտությունը՝ կայուն քաղաքական իրավիճակ ունենալու համար»,-ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ հավելելով․ «Վենետիկի հանձնաժողովի շնորհիվ ՀՀ-ում կայացան երկու սահմանադրական բարեփոխումներ՝ 2005 և 2015 թվականներին: Մենք շատ գովեցինք այդ նպատակով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը։

Մենք վստահ էինք, որ այդ ժամանակ Հայաստանը ստացավ Եվրոպայում լավագույն սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն ՀՀ քաղաքացիները բավարարված չէին երկրի իրավիճակով և այս տարվա սկզբին թավշյա հեղափոխություն արեցին: Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր դրական գնահատականը սխալ էր: Չեմ կարծում։ Պարզապես իշխանությունները չիրագործեցին նոր Սահմանադրությունը և դիտարկեցին այն՝ որպես իշխանության պահպանման միջոց: Ժողովուրդն էլ պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը կարող է փոփոխություններ իրականացնել՝ առանց բռնությունների»:

Ըստ Ջաննի Բուքիքիոյի՝  ՀՀ նախկին իշխանությունները փորձ չարեցին ուժով մնալ երկրի կառավարմանը. «Հասարակության շրջանում ներկայումս առկա այն համոզմունքը, որ իշխանափոխություն պետք է լինի առանց բռնության, լավ ճանապարհ է Հայաստանի ապագայի համար: Հուսանք, որ ՀՀ նոր իշխանությունները կկառավարեն նոր Սահմանադրության ոգով: Սա չի նշանակելու, իհարկե, թե Հայաստանը ծաղկող ժողովրդավարության երկիր է լինելու: Ոչ, նոր բարեփոխումներ պետք կլինեն»,- ընդգծեց ՎՀ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ