168.am-ը գրում է․ Հավանաբար կհիշեք, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պաշտոնը ստանձնելուց հետո շտապեց շարունակել իրեն նախորդող նախարարի՝ Ռուստամ Բադասյանի այդպես էլ չիրագործված աշխատանքը, կամ, ավելի ճիշտ, վարչապետ Փաշինյանի հանձնարարականը՝ դատական համակարգի վեթինգի իրականացումը։
Կարեն Անդրեասյանը նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացրեց դատական համակարգի վեթինգի նոր նախագիծ։ Նախագծով առաջարկվում է դատավորի, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանի դատավորի, լիազորությունները դադարեցնել, եթե վերջինս միտումնավոր թույլ է տվել մարդու հիմնարար իրավունքի կոպիտ խախտում։ Ներկայացված նախագծի փաթեթի անգամ հպանցիկ ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ այս անգամ էլ չեն արդարացվելու հասարակության՝ անկախ դատական համակարգ ունենալու հույսերը, իսկ մյուս կողմից էլ՝ ի հայտ են գալու դատական իշխանության անկախության վրա ազդող նոր սպառնալիքներ։ Նախ, նախագծում կիրառված է «դատավորի պաշտոնի անհամատեղելիություն» եզրույթը, որն ինքնին այլ իմաստ ունի և վերաբերում է դատավորի պաշտոնի հետ միաժամանակ այլ աշխատանքով զբաղվելու արգելքին։ Եթե խոսենք դատավորին իր իսկ կողմից թույլ տված մասնագիտական սխալի դիմաց պատժելու մասին, ապա դրա համար արդեն իսկ գործում է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը, որով նախատեսված է համանման կարգավորում։ Եվ, ի վերջո, պարզ չէ, թե ինչպես է Սահմանադրական դատարանի դատավորի դեպքում արձանագրվելու մարդու հիմնարար իրավունքի «միտումնավոր» խախտումը։
Այնուամենայնիվ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, այս իրար հակասող տարատեսակ դրույթներ պարունակող և, ամենակարևորը, դատական համակարգին միայն վնասող նախագիծը հանրային քննարկմանը ներկայացնելուց երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, շտապեց ուղարկել Վենետիկի հանձնաժողով` կարծիք ստանալու խնդրանքով: Հավանաբար նախարարը շտապում էր հաճոյանալ վարչապետ Փաշինյանին։
Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը հրապարակեց ամիսներ անց՝ ս. թ. մարտի 21-ին, ընդ որում, հայտնեց այնպիսի կարծիք, որը միանշանակ այնպիսին չէր, ինչպիսին կցանկանար ստանալ Կարեն Անդրեասյանը։
Այսպես, Վենետիկի հանձնաժողովն իր մտահոգություններն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից ներկայացված այս նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը չի տեսնում առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը, քանի որ և՛ գործող, և՛ շուտով ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերով արդեն իսկ նախատեսված են կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ակնհայտ անարդար դատավճռի համար: Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, թե ինչքանով կարող է «միտումնավոր խախտում» կատարած լինելու փաստը դիտարկվել՝ որպես անհամատեղելիության պահանջի խախտում (լիազորությունների դադարման հիմք), այն դեպքում, երբ անհամատեղելիության պահանջը ենթադրում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ գործունեությամբ զբաղվելու արգելք:
Փաստացի Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի արդյունքում հարցականի տակ է դրվում ներկայացված նախագծի ամբողջ տրամաբանությունը, ասել է թե՝ դատական համակարգի վեթինգի գաղափարը։
Այս ամենի մեջ առավել հետաքրքրական է, թե Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված կարծիքին ինչպես կարձագանքի Արդարադատության նախարարությունն ու իշխող քաղաքական ուժը. կընտրեն բառախաղի միջոցով բուն բովանդակությունը խեղաթյուրելու և դրական լույսի ներքո ներկայացնելու տրամաբանությո՞ւնը, թե՞ պարզապես կանտեսեն այս կարծիքը և կշարունակեն դատական համակարգի անկախության նկատմամբ ոտնձգությունների շարքը։ Եվ, ի վերջո, ի՞նչ գին կվճարի Կարեն Անդրեասյանը, եթե տապալի այս նախագծի իրականացումը։ Չէ՞ որ օդում կախված լուրերի համաձայն՝ Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնից ազատումն էլ կարծես թե պայմանավորված էր նրանով, որ խոստացված վեթինգային բարեփոխումներն ընթանում էին ոչ այդքան ցանկալի տեմպերով, և այս ոլորտում չկար արձանագրված որևէ լուրջ «հաջողություն»:
Վենետիկի հանձնաժողովի պատասխանը՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը