ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթը, որը վերաբերում էր տարածքային թեկնածուների ցուցակների վերացմանը՝ 82 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայնով:
Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակված զեկույցում շեշտում են, որ «Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում»:
Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշել են, որ ենթադրվում է, որ այդ փոփոխությունները կկիրառվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք նախնականորեն նշանակված են 2021 թ. հունիսի 20-ին: «Ընտրություններից առաջ տեղի ունեցած ցանկացած օրենսդրական փոփոխությունից սկզբունքորեն պետք է խուսափել, քանի որ դա հանգեցնում է անորոշության»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, հասարակությունը և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է սեղմ ժամանակահատվածում հարմարվեն նոր կանոններին:
«Թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը պատշաճ կերպով չի փոխում ընտրական համակարգը, սակայն պաշտոնապես փոխում է ձայները մանդատների վերածվելու կարգը։ Այնուամենայնիվ, համամասնական ընտրակարգի պարզեցումը, կարծես, ունի լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից»,- ասվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում, զուտ տեխնիկական առումով նոր համակարգը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունենա ընտրությունների անցկացման վրա՝ ինչպես ընտրությունները կազմակերպելու, այնպես էլ ընտրողների կողմից այդ ընթացակարգերի ընկալման վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը