ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios on HBO-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է նոր հրամանագիր ստորագրել, որով կդադարեցնի, այսպես կոչված, հողի սկզբունքով քաղաքացիություն ստանալու պրակտիկան։
Նշենք, որ այն թույլ է տալիս ոչ քաղաքացիների ու ապօրինի ներգաղթյալների՝ ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին քաղաքացիություն ստանալ: ԱՄՆ-ում նորածնին քաղաքացիություն է շնորհվում՝ անկախ այն փաստից, նրա ծնողը կամ ծնողները փախստականներ են, ապօրինի ներգաղթյալներ, թե օրինական ճանապարհով են հայտնվել ԱՄՆ-ում: Այս օրենքը խթանել է «ծննդաբերական զբոսաշրջության» ու «շղթայական ներգաղթի» զարգացմանը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որտեղ քաղաքացիություն չունեցող օտարերկրացին կարող է գալ, երեխա ունենալ ու նրան դարձնել քաղաքացի, ինչն արտոնություններ ե ենթադրում։ «Դա ծիծաղելի է, դա պետք է դադարեցնել։ Ասում են՝ դրա համար սահմանադրական լրացում է պետք, բայց ես դա կարող եմ անել իմ կարգադրությամբ: Գործընթացն արդեն մեկնարկել է, մենք դա կանենք»,-նշել է նախագահը:
Ի դեպ, աղբյուրը նկատում է, որ Թրամփի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում․ հողի սկզբունքով քաղաքացիություն տալու հարցում ԱՄՆ-ն միակ երկիրը չէ: Աշխարհում նույն կերպ վարվող մոտ 30 երկիր կա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը