Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։
Իսկ հոկտեմբերի 30-ին կայացել է Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։
«Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ: Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական հարթակում՝ ԵԱՏՄ-ում, աշխատում ենք ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում, և հետևողականորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները և այն ամենը, ինչ մտնում է այս կազմակերպությունների շրջանակում:
Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հիմքերին՝ ապրանքաշրջանառությանը, պետք է ասել, որ այն աճում է: Նախորդ տարի բարձր աճ ենք գրանցել, որը կազմում է մոտ 45-50 մլն ԱՄՆ դոլար: Սա լավ արդյունք է, սակայն եթե խոսենք ներուժի մասին այն ապրանքների մասով, որոնք ձեզ մոտ մեծ պահանջարկ ունեն և այն ապրանքների մասով, որոնք մեզ մոտ պահանջարկ ունեն, ապա դա մեծ ցուցանիշ չէ: Մենք այսօր կարող էինք ունենալ 150 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, ինչը մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհաներ:
Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր հնարավորությունները: Հետևաբար ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կդիտարկենք կարճ ժամկետում և կընդունենք համապատասխան որոշում։ Գիտեմ, որ դուք բարդ ժողովրդավարական փոփոխություններ եք ապրում, դրանից ոչ մի տեղ չես փախչի, և, իհարկե, տեղեկություն ստանալ առաջին ձեռքից, իմ ընկերոջից, գործընկերոջից, ինձ համար շատ կարևոր է»,-նշել է Բելառուսի նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել․
«Այո, ես ժամանել եմ այստեղ՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Շատ հաճելի է լինել Մինսկում, որն առանձնահատուկ քաղաք է: Կարծում եմ, որ Բելառուսն այսօր կայունության և կանխատեսելիության օրինակ է: Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման որակներ: Աշխարհը միայն տարածաշրջանները չեն, աշխարհը դարձել է անկանխատեսելի, աշխարհը դարձել է անկայուն, և այն պետությունները, որոնք իրականում ունեն այս երկու որակները, բարձր գնահատանքի են արժանանում իմ, Բելառուսի իմ ընկերների, և առհասարակ համաշխարհային հասարակության կողմից: Պատահական չէ, որ հերթական նման համաժողովը՝ Մյունխենյան համաժողովը, որը աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, տեղի է ունենում այստեղ՝ Մինսկում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը