Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի բացման արարողությունից հետո նշել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
«Հայաստանի ու Բելառուսի միջև շարունակվում են կառուցողական փոխհարաբերությունները մի շարք հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք բելառուսական ապրանքների Հայաստան արտահանման ծավալների ու հայկական արտադրանքի Բելառուս արտահանման ծավալների աճը: Մենք ակնկալում ենք, որ շուտով տեղի կունենան կառավարական մակարդակի այցեր: Հայաստանի հետ մենք շատ ծրագրեր ունենք, պետք է դրանք կյանքի կոչելու ուժ ունենանք»,- ասաց Նազարուկը:
Դեսպանը նշեց, որ ինքը քաղաքագիտական գնահատականներ չի կարող տալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, բայց նրա խոսքով` դրանք բնական գործընթացներ են:
«Ես քաղաքագետ չեմ, և իրավունք չունեմ խոսելու մտավախություններով և այլ գնահատականներով: Մենք այստեղ ենք գտնվում, որպեսզի շարունակենք համագործակցությունը, իսկ ղեկավարի փոփոխությունը բնականոն գործընթաց է ցանկացած պետությունում»,- նկատեց Իգոր Նազարուկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը