29 10 2018

Երևանի քաղաքապետարանը որոշել է գումար տնտեսել․ ի՞նչ եղանակով

Երևանի քաղաքապետարանը որոշել է գումար տնտեսել․ ի՞նչ եղանակով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում, իսկ նախորդ փոխքաղաքապետներից Կամո Արեյանին կառաջարկվի լինել քաղաքապետի խորհրդական:

«Հաստիքացուցակն ընդունվեց, և ես կկարողանամ պաշտոնապես իմ օգնականների ու խորհրդականներին ընդունել աշխատանքի, այս պահին ես ունեմ մեկ խորհրդական, ով աշխատում էր հասարակական հիմունքներով, նա այժմ կարող է ընդունվել աշխատանքի, Կարեն Հարությունյանի մասին է խոսքը, իսկ ինչ վերաբերում է խորհրդականներին, ես պետք է որոշում կայացնեմ: Փոփոխություն լինելու է հաստիքացուցակում, և օրինակ, եթե նախկինում 7 խորհրդական կար, այժմ ես կարող եմ ունենալ 2 խորհրդական, և մյուս խորհրդականների համար նախատեսված աշխատավարձը կտնտեսվի բյուջեում»,-նշեց Հայկ Մարությանը:

Տարոն Մարգարյանի տեղակալներ Կամո Արեյանի և Վահե Նիկոյանի մասին խոսելով՝ Հայկ Մարությանը նշեց, որ կարևորում է նրանց  պրոֆեսիոնալիզմն ու ինստիտուցիոնալ հիշողությունը և Կամո Արեյանին առաջարկելու է դառնալ իր խորհրդականը. «Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, եթե այդ պաշտոնյաները նախկին իշխանության ներկայացուցիչներ չլինեին, ապա կթողնե՞ր նրանց նույն պաշտոնում։ Հայկ Մարությանն ի պատասխանասաց, որ քաղաքական թիմը փոխվել է, և ինքը պետք է ունենա մարդիկ, որոնք իրենց գիծն են առաջ տանելու:

Այն դիտարկմանը, թե քաղաքապետը մշակույթի ոլորտից 2 տեղակալ ունի՝ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ու պրոդյուսեր Սերգեյ Հարությունյանը, Հայկ Մարությանն արձագանքեց, որ մշակույթի ոլորտից մեկ տեղակալ ունի, իսկ Սերգեյ Հարությունյանը ՏՏ ոլորտի, արտաքին գովազդի ու առևտրի մասնագետ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ