Հոկտեմբերի 29-ին, Երևանի ավագանու նիստում քննարկվեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցը: Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանն ընտրվեցին փոխքաղաքապետներ: Հրաչյա Սարգսյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ: Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ իր առաջին քայլը լինելու է թղթաբանության հնարավորինս կրճատումը։
Հայկ Սարգսյանը ծրագրում է նոր լուծումներ բերել քաղաքային կառավարման համակարգում՝ ֆինանսական և ծրագրային մոդելավորման, քաղաքի ենթակառուցվածքների բարելավման և երևանցիների կենցաղային ու կենսական պահանջմունքների բավարարումն ավելի նոր, ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար։ Սերգեյ Հարությունյանն աշխատանքն ընդգրկելու է առևտրի և սպասարկումների, գովազդի և արտաքին ձևավորման, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության ոլորտները։ Նա հայտնեց, որ փոխքաղաքապետի պաշտոնում իր առաջին քայլը լինելու է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների աշխատանքի էֆեկտիվության բարձրացումը։ Տիգրան Վիրաբյանը զբաղվելու է մշակութային, կրթության և երիտասարդության հարցերով։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկում է քաղաքապետի տեղակալների, խորհրդականների և օգնականների թիվը կրճատել։
«Նկատի ունեցեք, որ վարչապետն ունի 5 վճարովի խորհրդական, իսկ քաղաքապետն ունի 7 խորհրդական և մեկ գլխավոր խորհրդական, չեմ հաշվում խորհրդական–դիզայները։ Այդպիսի ճոխություն քաղաքն իրեն չի կարող թույլ տալ, ժամանակին ավանդույթի ուժով դա եկել է, հաստիքները չեն կրճատվել, բայց հիմա հո մենք կարող ենք այդ փոփոխությունն իրականացնել։ Մեր առաջարկը հանձնաժողովի նիստին հստակ էր՝ քաղաքապետի խորհրդականների թիվը դարձնել 2, օգնականների թիվն էլ դարձնել 3, այսինքն՝ 1 տեղակալ, 2 խորհրդական եւ 3 օգնական։ Այս պաշտոնները բավարար են կառավարում իրականացնելու համար։ Մեր առաջարկով այս 6 հաստիքների բյուջեն կազմում է 2 միլիոն 53 հազար դրամ և եթե մենք դիտարկենք տարեկան կտրվածքով, մենք կարող ենք 150 հազար դրամով վարչության պետերի աշխատավարձերի բարձրացում ապահովել»,–ասաց Խաժակյանը։
Դավիթ Խաժակյանը եզրափակեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, ինչպես և նախորդ գումարման ավագանուն են դեմ քվեարկել այս նույն նախագծին։
Հայկ Մարությանն էլ արձագանքեց, որ լիովին համամիտ է Դավիթ Խաժակյանի արտահայտած մտքերին, և օր առաջ պետք է օպտիմալացնել հաստիքացուցակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը