Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կրկին առաջադրի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, քանի որ նախորդ առաջադրման ժամանակ չհասցրեց ելույթում ասելիքն ամբողջությամբ ասել։ Այս մասին Փաշինյանն ասաց լրագրողներին։
«Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց: Չեմ բացառում, որ նաև տնտեսական ներկա իրավիճակի և զարգացման ռազմավարությանն անդրադառնալու, նաև այլ քաղաքական նկատառումներով առաջադրվեմ վարչապետի թեկնածու»,-ասաց նա:
Առաջադրումների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, իսկ ԱԺ նիստը կայանալու է նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ վարչապետ չընտրելու առաջին փորձը խորհրդարանն արեց հոկտեմբերի 24-ին։
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ այլ հարցերի ևս։
Ինչի՞ց երևաց, որ ես որևէ գործի միջամտում եմ,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ-ում հայտարարելով, որ պատգամավոր է կալանավորվելու, միջամտում է դատական ու քննչական մարմինների գործերին:
«Նույն մարդիկ ասում են՝ այ, տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը դադարեցրել է, և մութ գործարքների է գնացել: Այսինքն վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որևէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնա՞մ: 20 տարի իշխանությունը խնդրում էր իրենց հետ կուլիսային գործարքի գնամ»,-ասաց նա:
Նա հերքեց, թե իր խոսքով որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտվում է, քանի որ շատ պատգամավորների անուններ հնարավոր է բացահայտվեն, և որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվում:
Դիտարկմանը, թե կասկածելի է թվում, որ վարչապետը այդքան մանրամասներով ծանոթ է քննվող գործերին, և կարող է հայտարարել, որ 100 տոկոսով ապացուցված է, ինչը նշանակում է, որ քննչական մարմիններն իրեն զեկուցում են, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է և երբ նա օպերատիվ գործողություններ է իրականացնում, դրանց մասին տեղյակ է լինում նաև վարչապետը»:
Անդրադառնալով ներդրողների հետ հանդիպմանը՝ Փաշինյանը նշեց, որ լավատեսություն է տիրում գործարար դաշտում, իմիջիայլոց թվերն էլ դա են հուշում.
«Ես ԱԺ-ում էլ ասացի, մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ ցավոք տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու գործարարի գործունեությունից կամ տրամադրությունից: Կարող է մեկ սեփականատեր վատ տրամադրությամբ արթնանալ, և մտքով անցնի տնտեսության մեջ մինի փոթորիկ առաջացնել: Հույս ունեմ, որ բոլորը գիտեն՝ մենք իրենց տեղերը գիտենք, և քամի չեն ցանի, որովհետև փոթորիկ կստանան ի պատասխան»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը