27 10 2018

ԱԺ նախագահի թեկնածուները շատ են. Փոխվարչապետ

ԱԺ նախագահի թեկնածուները շատ են. Փոխվարչապետ

ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը լինելու է հեղափոխական, պետք է քաղաքական սերնդափոխության հնարավորություն ընձեռնվի։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Պետք է լինեն երիտասարդներ, բայց քաղաքական մտքի կրողներ լինեն, ցուցակը պետք է քաղաքական լինի, երկրորդ չպետք է կտրվի փորձը դրական, որն անցյալում կուտակվել է։ Տարիքով ավագ սերունդն էլ պետք է ներկայացված լինի,պետք լինեն դեմքեր, որոնք ընկալելի են հասարակությանը իրենց փորձով, գիտելիքներով,  սակայն նրանք, որոնց անունը պախարակված չէ»,-ասաց նա։

Հարցին, թե ԱԺ նախագահի թեկնածու ինքը համարվո՞ւմ է, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ թեկնածուները շատ են։

Խոսելով Ընտրական Օրենսգրքի մասին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց, որ ընտրությունների գնալու են այն օրենսգրքով, որն այդ պահին կլինի:

«Ես չեմ կարող կանխատեսել քվեարկության արդյունքներն այս անգամ, բայց նաև զանազան կողմերից հայտարարություններ և հավաստիացումներ եմ լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստվում են կողմ քվեարկել։ Ինչպես և նախկինում, ես ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը՝ արտահերթ ընտրություններ միևնույն է, լինելու են, եթե հիմա վարչապետ չընտրվի և լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որն այդ պահին կգործի։ Կընդունեն առաջարկությունները՝ կլինի նորով, չէ՝ կլինի հնով»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ նոր Ընտրական օրենսգրքով լինեն ԱԺ արտահերթ ընտրությունները, քանի որ այն ավելի լավ հնարավորություններ են ընձեռում բոլոր  քաղաքական ուժերին։ Արարատ Միրզոյանը ԱԺ որոշ պատգամավորների հետ էլ հեռախոսազրույց է ունեցել, իր պնդմամբ, միայն նրանց կարծիքը ճշտելու նպատակով։

«Ես մի քանի պատգամավորների զանգել եմ նախ որպիսությունը հարցնելու, հետո հասկանալու դիրքորոշումը, բայց, իհարկե, ճնշումների, ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա, դա կարծիքի հարցում էր։  Տարբեր պատգամավորների հետ այդ օրերին խոսակցություններ ունեցել եմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, ապա առաջին փոխվարչապետը նշեց, որ եղել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, հանձնաժողովի նախագահի հետ մեկ առ մեկ ներկայացրել է  ԸՕ-ի էական փոփոխությունները: «Ասաց, որ դրական են այդ փոփոխությունները,  բայց, դրանով հանդերձ, կարևորում է ընտրական գործընթացների ստաբիլությունը, ավելի երկար ժամկետով հստակեցված փոփոխությունը, նաև ասաց, որ հասկանում են ՀՀ-ում ստեղծված էքսկլյուզիվ իրավիճակը և որևէ խնդիր չեն տեսնում: Որևէ առարկություն չհնչեց, և այդ բանաձևը համարվեց հաստատված»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի  ֆեյսբուքյան գրառմանն ասաց, որ իր գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում:

 «Կան ՀՀԿ կուսակցությունից կամ խմբակցությունից մարդիկ, որոնց հետ զանազան հարցերում իսկապես համաձայն ենք, բայց Վիգեն Սարգսյանի հետ որևէ կերպ չենք կարողանում համաձայնել: Այս հարցում ևս Վիգեն Սարգսյանի կարծիքն ինձ համար ընդհանրապես հիմնավոր չի հնչում, առնվազն  կարող եմ հակառակ պնդումն անել, այնպիսի լավ արտաքին քաղաքական իրավիճակում, ինչպիսին Հայաստանն է հիմա և այնպիսի հաջողված բազմավեկտոր քաղաքականություն, որ ՀՀ-ում հիմա է իրականցվում, երբևէ չի եղել»,-ասաց նա: 

Վիգեն Սարգսյանի այն մտքին, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե տասնամյակներով կառուցածն այն է, ինչ հիմա կա և ստացել ենք ժառանգություն, այդ թվում՝ արտաքին քաղաքական ոլորտում, ապա կա´մ լավագույն ջանքերը չեն գործադրվել, կա´մ, եթե գործադրվել են, ապա անհրաժեշտ հմտությունները չեն եղել, որ արդարացնեն սպասելիքները, մի խոսքով, տխուր է պատկերը բոլոր ոլորտներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ