25 10 2018

Կարեն Կարապետյանը կարող է նոր պաշտոն ստանալ ՌԴ-ում. «Коммерсантъ»

Կարեն Կարապետյանը կարող է նոր պաշտոն ստանալ ՌԴ-ում. «Коммерсантъ»

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ավարտեց իր քաղաքական կարիերան, կարող է ընդգրկվել ռուսական «Зарубежнефть» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում, հայտնում է Kommersant.ru-ն:

Ենթադրվում է, որ այս նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի հարուստ փորձի (2000-2010թթ.) արդյունք:

Թերթի լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ Կարեն Կարապետյանը կարող է անկախ տնօրենի պաշտոն ստանալ, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը: Դեռևս պարզ չէ՝ Կարապետյանի հավանական նշանակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե իրականում կապված է նրա նախկին բիզնես կարիերայի հետ:

TopContact-ից Արթուր Շամիլովի կարծիքով՝ Կարապետյանի հավանական նշանակմամբ ՌԴ-ն, որը փորձում է լավ հարաբերություններ կառուցել ՀՀ նոր կառավարության հետ, հայկական վերնախավին ազդանշան է ուղարկում այն մասին, որ չի մոռանում նախկին քաղաքական առաջնորդներին:

Աղբյուրը նկատում է, որ ՌԴ իշխանությունները նախկինում ևս կիրառել են արտասահմանից հավատարիմ քաղաքական գործիչներին աշխատանքի հրավիրելու պրակտիկան: Հիշատակվում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի օրինակը, ով այժմ ընդգրկված է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում: «Դա հետևողական քաղաքականություն է»,-եզրափակել է Շամիլովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ