21 10 2018

Արցախի հարցը զարտուղի ճանապարհով հնարավոր չէ լուծել. Փաշինյան

Արցախի հարցը զարտուղի ճանապարհով հնարավոր չէ լուծել. Փաշինյան

Բացառված է, որ առանձին վերցրած իշխանություն, նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը կարողանա Արցախի խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի,  այս մասին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով Լիբանանում է աշխատանքային այցով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համազգային օրակարգի հարցերը պետք է քննարկել միասնական ձևաչափով, որում ներգրավված կլինեն հայության ամենատարբեր շերտերը:

«Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները կամ տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում ինձ` իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինն այս հարցին պատասխանի, և, չգիտես ինչու, իմ` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զգում եմ, որ այդպիսի մի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը:

Հայաստանը չի պատրաստվում այդ հարցին առաջինը պատասխանել: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք, և Հայաստանը, ՀՀ կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի: Ինչ վերաբերում է հարցի կարգավորման շրջանակին, ես դժվար եմ պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: Սա մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակն ունեն անկյունաքարային նշանակություն կարգավորման համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարը, խոսելով Արցախի հարցի կարգավորման մեթոդաբանության մասին նշել է, որ մեր իրականության մեջ կա տարօրինակ ընկալում, որը երբեմն հնչեցվում է մամուլում և քաղաքական գործիչների հայտարարություններում. «Երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, որ որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որ որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը լուծելու է: Վերջին քսան տարում անընդհատ դա շրջանառվում է: Որևէ իշխանություն, թեկուզ ամենավատ իշխանությունը վատ մտադրություններ ունեցող ինչպե՞ս է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Ես ընդհանրապես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից: Մի անգամ ասել եմ և ընդ որում, դա ասում եմ նաև բանակցությունների ընթացքում, որ եթե կլինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որ ես ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կներկայացնեմ այն մեր ժողովրդին Հայաստանում և սփյուռքում, և ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Ես առաջարկում եմ ընդհանրապես դավադրության տեսությունը Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հանել, բացառել: Այդպիսի բան չի կարող լինել ի բնե, որովհետև հնարավոր չէ թաքուն լուծել այդ հարցը: 

Եվ հաջորդը, ես խոսում եմ Հայաստանի և Սփյուռքի մասին, բայց ամենակարևոր, վճռական գործոնն Արցախի Հանրապետության իշխանության և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է այս հարցի վերաբերյալ: Եթե նույնիսկ Հայաստանը և Սփյուռքն ասեն, որ շատ լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այդ խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից: Դա չի կարող նաև նշանակել, թե մենք որևէ կերպ մերժում ենք բանակցությունները, բայց ասում ենք, որ սա համազգային պրոբլեմ է, որը պետք է լուծենք բոլորս միասին: Բացառված է, որ առանձին վերցրած իշխանություն, նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի: Սա ակնհայտ է, և այստեղ պետք է շատ հստակ լինենք», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ