ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ռուսական նոր սպառազինության մի քանի անվանումներ, որոնք ապագայում կարող են «ցանկացած երկրի երկինքը թռիչքների համար փակել», այդ թվում՝ իր պատվին՝ «ՎՎԺ» (Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի)։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մենք արդեն ունենք գաղտնի սպառազինություն, որի պարամետրերը հանրությանը հայտնի չեն։ Ավելին՝ շուտով կլինեն նոր հրթիռներ և համակարգեր, որոնք կկարողանան թռիչքների համար փակել ցանկացած երկրի երկինքը։ Կամ հակառակը՝ Երկրի ցանկացած կետում անսպասելի հարված հասցնել՝ շրջանցելով օտարերկրյա պաշտպանական համակարգերը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս մշակումներից որոշները դեռևս միայն նախատիպ են և անվանում չունեն:
«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հիշեցնել, որ իմ տարբերակներն արդեն ուղարկել եմ Պաշտպանության նախարարություն։ Այդպիսի գերհզոր զենքի անվանումը պետք է թշնամիներին վախ ներշնչի: Դա կարող է լինել ոչ թե Ս-600 կամ Ս-700, այլ «Ջախջախում» կամ «Համաջախջախող», «Անգութ», «Շանթաբեր», «Մահվան հրեշտակ», «Հանուն մահվան», «Դժոխքի կարուսել», «Սատանայի ձայն» կամ «Հրե Գեհեն»: Հրթիռը կարելի է անվանել նաև ՎՎԺ: Ես արտասահմանում ամենահայտնի ռուս քաղաքական գործիչներից մեկն եմ և միշտ Ռուսաստանի կոշտ արտաքին քաղաքականության օգտին եմ ելույթ ունենում, Եվրոպայի Խորհրդում լավ հիշում էին իմ ելույթները, երբ մեկնում էի ԵԽԽՎ նիստերին, ուստի դա միանգամայն տեղին կլինի»,- գրել է Ժիրինովսկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը