Վարչապետ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովը, նշել է՝ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են։
Վարչապետը նկատել է, որ դա անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, որը ծառայել է մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը։
Փաշինյանը արձանագրել է, որ Գագաթնաժողովն անցել է շատ բարձր մակարդակով և շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և այլ կազմակերպիչների։
Նա նկատել է, որ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացրել են դեռ 2016 թ–ին. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է նաև Ոստիկանության և ԱԱԾ–ի արդյունավետ ծառայությունը։
Վարչապետը չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել ֆրանսերենի իր դասախոսին և խոստացել շարունակել ֆրանսերենի, անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը։
«Հենց հիմա սկսվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը տեղի է ունենալու այսօր և վաղը։ Կանադայի վարչապետի հետ հասցրել ենք շփվել և այս պաշտոնական այցը շատ կարևոր ավարտական ակորդ կլինի»,-նշել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև ժողովրդին. «Մեր երկրում ամենատպավորիչը մարդիկ են, նրանց հյուրասիրությունը, ջերմությունը շատ կարևոր է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը