01 10 2018

Նախաձեռնություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

Նախաձեռնություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է մի քանի կուսակցությունների, որպեսզի վերջիններս ՀՀ իշխանություններից պահանջեն անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին:

Կոչն ուղղված է «Ազատ դեմոկրատներ», ԱԻՄ , «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀՀՇ, Պահպանողական և «Սասնա Ծռեր» կուսակցություններին:

Կոչը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարոնայք.

Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով.

ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում, միացեք Շանթ Հարությունյանի արդարացման և համապարփակ համաներման պահանջով հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկող բողոքի ցույցին:

Մենք վարչապետի հրաժարական չենք պահանջում: Մենք վարչապետի պաշտոն չենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն իրենց խոստումները, և ի վերջո նոր Հայաստանում գերակա դառնան մարդու և քաղաքացու իրավունքները:

Համոզված ենք, որ այսպես, ձեզ հետ միասին, հնարավորություն կտանք մեր իշխանություններին նյութականացնելու իրենց կողմից հռչակված սերն ու համերաշխությունը»:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և դատապարտվեցին ազատազրկման։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ