01 10 2018

ՀՀ առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է 152 թեկնածու

ՀՀ առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է 152 թեկնածու

Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 43 համայնքներում: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու մրցապայքարին մասնակցելու է 152 թեկնածու, որոնցից 16-ը ներկայացնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 3-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2-ական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցություններից, 1 թեկնածու Լուսավոր Հայաստան կուսակցությունից, իսկ 128-ն անկուսակցական են:

Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար միայն 2 թեկնածու է առաջադրվել սեփական կուսակցության կողմից, մնացածն ինքնաառաջադրվել են:

Ամենաշատ թվով թեկնածուներն ունի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Նրանց թվում է նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում քաղաքապետի 5 թեկնածու կա: Այստեղ ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նույնպես ՔՊ անդամ է:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համայնքապետի պաշտոնի համար պայքարին 4 թեկնածու է մասնակցելու: Նույնքան է նաև Սյունիքի մարզի Կապան համայնքում առաջադրված թեկնածուների թիվը:

Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին: Հերթական ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 19-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ