Իսրայելի Քնեսեթի 15-րդ նստաշրջանի պատգամավոր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք հայ-իսրայելական հարաբերություններում տեղաշարժեր եղան, քանի որ միջադեպ եղավ, իսկ հիմա դեռ նոր իշխանություններն իրենց արտաքին քաղաքական կուրսը չեն որոշել և հայ-իսրայելական հարաբերությունների մասին էլ հստակ քաղաքականություն չկա:Նրա հետ Tert.am-ը զրուցել է այն մասին, թե ինչ տպավորություն է ստանում Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունից հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մասին:
Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ հիմա խնդիրն այն է, որ Հայաստանում տեղի է ունենում իշխանությունների տրանսֆորմացիա և, հաշվի առնելով նոր կառավարության հայտարարությունները, դեռ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը:«Ես կարդացել եմ, որ նոր կառավարությունը ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները Իրանի հետ, Ռուսաստանի հետ և դրան զուգահեռ զարգացնել հարաբերություններ Իսրայելի հետ, կարծում եմ, արդեն դժվար կլինի»,- ասաց նա:Ալեքսանդր Ցինկերը։
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները զարգացնելուն, արդեն Ալեքսանդր Ցինկերի կարծիքով՝ դա բարդ գործընթաց է: «Ինչ էլ լինի, Հայաստանի համար Իրանը շարունակելու է մնալ կարևոր երկիր՝ հաշվի առնելով առկա շրջափակումը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները: Իրանը համարվում է միակ ճանապարհներից մեկը դեպի դուրս: Բայց մյուս կողմից՝ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Իրանի նկատմամբ օրեցօր ավելանում են պատժամիջոցները, և շատ և՛ ամերիկյան, և՛ եվրոպական ընկերություններ դուրս են գալիս իրանական շուկայից: Այստեղ պետք է հասկանալ, որ երբ մեկը գնում է, տեղը չի ազատվում: Հայաստանը կարող է այդ տեղը զբաղեցնել, բայց պետք է նաև զգուշանա՝ ինքն էլ պատժամիջոցների տակ չընկնի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Հայաստանի համար խնդիր են իսրայելաադրբեջանական հարաբերությունները, կողմերի միջև ռազմական համագործակցությունը, Քնեսեթի նախկին պատգամավորը պատասխանեց՝ դրան էլ պետք է ըմբռնումով վերաբերել․ իրենք ունեն իրենց շահերը:
«Մենք դա որևէ մեկի դեմ չենք անում: Մենք ռազմաարդյունաբերությամբ զբաղվող երկրներից ենք, մեզնից զենք են գնում, և մենք վաճառում ենք: Դրա դիմաց, օրինակ՝ կարող ենք գնել էժան նավթ: Մենք մեր հարցերն ենք լուծում: Բացի այդ, մեզ պետք է, որ լավ հարաբերություններ ունենանք մուսուլմանական երկրների հետ, որովհետև Իսրայելի և մուսուլմանական երկրների հետ կան խնդիրներ:
Դրա համար մենք, օրինակ՝ լավ հարաբերություններ ունենք Ուզբեկստանի, Ղազախստանի և նաև Ադրբեջանի հետ: Մենք դա գնահատում ենք, որովհետև երբ օրինակ, մուսուլմանական, արաբական երկրների լիգան ինչ-որ որոշումներ է կայացնում, այդ երկրները մեզ օգնում են, մեր դեմ չեն քվեարկում: Դա մեզ պետք է, նրա համար չէ, որ մենք նրանց սիրում ենք, դա մեր շահերից բխող խաղ է: Դա կարող է անել նաև Հայաստանը․ եթե նրան Իսրայելը պետք չէ, պետք է բավարարվի եղածով, կան ինչ-որ մակարդակի հարաբերություններ, և մենք դրա համար ուրախ ենք»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը