Իրանի վրա հարձակման Իսրայելի գործողությունը, որը տեղի է ունեցել շաբաթ գիշեր, ստացել է «Ապաշխարության օրեր» ծածկանունը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցի իր էջում՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցը։
Իսրայելի Պաշտպանության բանակը շաբաթ գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող և հետախուզական ինքնաթիռներ։ Սա իսրայելական առաջին ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի պատասխանատվությունը իշխանությունները պաշտոնապես ստանձնել են:
Իրանական կողմը, ինչպես հաղորդում է իրանական Tasnim պետական գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին, պատրաստ է պատասխանել Իսրայելին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը