19 09 2018

Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար

Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար: Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Վարչապետն ընդգծեց, որ չի կարող առանց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու  մեկնել արտերկիր՝ աշխատանքային այցով:

«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու  դրանից հետո մեկնեմ Նյու Յորք:  Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

«Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս քվեարկությունը այս աստիճան կարևորի, որովհետև դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,- ասաց Փաշինյանը:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ