ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Զախարովային խնդրել են մեկնաբանել, թե ինչ է ներկայումս կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում` հաշվի առնելով այն, որ թեման օրերս քննարկվել է ՌԴ նախագահի` Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ՀՀ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը վերլուծում է բոլոր հայտարարությունները, այն ամենը, ինչ խոսվում է ԼՂ հարցով, և ինքը կցանկանար հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցով անփոփոխ է. «Մենք ելնում ենք այն բանից, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական, դիվանագիտական ճանապարհով` հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Ռուսաստանն իր կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է շարունակել կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերել` փոխզիջման հասնելու համար»,- նշել է Զախարովան:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ առաջխաղացման համար կլիմա պետք է ստեղծեն հակամարտության կողմերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը