Aravot-ը գրել է. «Այս ավագանու ընտրությունները պատմական են, քանի որ առաջինն են հեղափոխությունից հետո: Այս ընտրություններում կերևա՝ որքանո՞վ է փոխվել Հայաստանը, և քաղաքացին որքանո՞վ կարող է իր կամքն արտահայտել ազատ և թափանցիկ ընտրություններում»,- սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության քարոզարշավի մեկնարկային միջոցառմանն այսօր հայտարարել է կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
Այս մասին հայտնում է Aravot-ը:
«Մասնակցում ենք ընտրություններին՝ հաղթելու և Երևանը կառավարելու նպատակով: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքը չբաժանենք «սև»-ի և «սպիտակ»-ի, որ անհանդուրժողականություն չլինի: Մենք չենք մտել քաղաքականություն՝ թշնամիներ փնտրելու համար, մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին»,- նշել է Բաբայանը՝ կոչ անելով ընտրապայքարին մասնակցողներին պաշտոնների համար չուրանալ ընկերությունը: «Քաղաքականությունն այն բանը չէ, որի համար Երևանը կարելի է կիսել տարբեր մասերի»:
Ներկայացնելով «Ռեֆորմիստների» քաղաքապետի անկուսակցական թեկնածու՝ կինոռեժիսոր Արտակ Ավետյանին՝ Վահան Բաբայանն ընդգծել է. «Նա քաղաքապետի միակ թեկնածուն է, որը չի զբաղվել և չի զբաղվում քաղաքականությամբ: Նա հաջողել է արվեստի, կինեմատոգրաֆիայի և շինարարության ոլորտում: Նրան շատ բարդ է քննադատելը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը