16 09 2023

Ի՞նչ են հուշում նախկինում տեղի ունեցած ընտրությունները․ «Հրապարակ»

Ի՞նչ են հուշում նախկինում տեղի ունեցած ընտրությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Երեւանցիներն ընտրելու են 2023-2028 թթ. ավագանի եւ որոշելու են, թե քաղաքական ինչ համամասնություն պետք է ունենա մայրաքաղաքի ավագանին, իսկ ավագանին էլ ընտրելու է քաղաքապետ, եւ քաղաքապետ կդառնա այն ուժի թեկնածուն, որն ամենաշատ ձայներ կունենա ավագանու կազմում։ Սակայն ի՞նչ հնարավոր սցենարներով կարող են ընթանալ ավագանու ընտրությունները, ո՞ր քաղաքական ուժերը ինչ թվով ձայներ կստանան։ Կանխատեսումներ անելու համար փորձենք ետ նայել եւ հասկանալ, թե ինչպես են անցել Երեւանում ՏԻՄ համամասնական ընտրությունները մինչ այժմ։ Նշենք նաեւ, որ նախկինում ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի էին ունենում առանձին եւ ուղիղ ընտրությամբ, այսինքն՝ քաղաքացիները ե՛ւ ավագանի էին ձեւավորում, ե՛ւ քաղաքապետ ընտրում։

Եվ այսպես՝ 2009 թվականի հունիսի 31-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցել է 7 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստանը», Ժողովրդական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես դաշինքը, Դաշնակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ «Օրինաց երկիրը»։ 2009 թվականին Երեւանում եղել է ընտրելու իրավունք ունեցող 771 հազար 477 քաղաքացի, որոնցից ընտրություններին մասնակցել է մոտ 408 հազար քաղաքացի, այսինքն՝ կեսից մի փոքր ավելի՝ 52․87 տոկոսը։ Ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 186 հազար 630 ձայն՝ 46.37 տոկոս, ՀԱԿ դաշինքը՝ 69 հազար 140 ձայն՝ 17.18 տոկոս, ԲՀԿ-ն՝ 891 հազար 31 ձայն՝ 22.15 տոկոս, Ժողովրդական կուսակցությունը՝ 2.11, ՀՅԴ-ն՝ 4․50, ՀԱՍԿ-ը՝ 0.48, ՕԵԿ-ը՝ 5 տոկոս։

2013 թ․ ընտրություններին եւս 7 քաղաքական ուժ է մասնակցել՝ «Առաքելություն» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Բարեւ, Երեւան» դաշինքը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը։ 2013 թվականին Երեւանում ՏԻՄ ընտրություններին ընտրական իրավունք է ունեցել 816 հազար 475 մարդ, ընտրություններին մասնակցել է 437 հազար 21 մարդ, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցողների 53.53 տոկոսը։ Ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն հավաքել է 55.86 տոկոս քվե՝ 235 հազար 515 ձայն, ԲՀԿ-ն՝ 23.05 տոկոս, «Բարեւ, Երեւան» դաշինքը՝ 8.47, ՀԱԿ-ը՝ 4.39, ՕԵԿ-ը՝ 3.73, ՀՅԴ-ն՝ 3.79, «Առաքելություն» կուսակցությունը՝ 0.64 տոկոս։

2017-ին Երեւանում ՏԻՄ համասնական ընտրություններին մասնակցության իրավունք է ունեցել 842 հազար 147 քաղաքացի, մասնակցել է 345 հազար 158 քաղաքացի, այսինքն՝ մասնակցության տոկոսը չափազանց ցածր է եղել՝ ընդամենը 41 տոկոս։ 2013-ի ընտրություններին ընդամենը 3 քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ՀՀԿ-ն եւ «Ելք դաշինքը», որը բաղկացած էր «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից։ Ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել էր 71.24 տոկոս ձայներ՝ ընդհանուր 240 հազար 34 ձայն, «Երկիր ծիրանին»՝ 26 հազար 107 ձայն, այսինքն՝ 7.75 տոկոսը, «Ելք դաշինքը»՝ 70 հազար 730 ձայն, այսինքն՝ վավեր քվեաթերթիկների 20.99 տոկոսը։ 

Մայրաքաղաքում հաջորդ ընտրությունները կայացան ոչ թե 2022-ին, այլ ընդամենը 1 տարի անց՝ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության եւ ամեն ինչ արեց, որ Տարոն Մարգարյանը դիմում գրի եւ վաղաժամ հեռանա պաշտոնից։ 2018 թվականի Երեւանի ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի օրոք կազմակերպված առաջին ընտրություններն էին։ Այդ ժամանակ մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ ԲՀԿ-ն, «Երեւանի հանրություն» դաշինքը, որը կազմված էր Հայաստանի կանաչների կուսակցությունից եւ Գաղափարակից լիբերալների ալյանս՝ ԳԱԼԱ կուսակցությունից, «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը, որը կազմված էր «Հայոց հայրենիք» եւ Հայոց համազգային շարժում կուսակցություններից, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, որը կազմված էր ՔՊ-ից եւ «Առաքելություն» կուսակցություններից, «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից կազմված «Լույս» դաշինքը, Դաշնակցությունը, Հայք Հայկազուններ, Ռեֆորմիստների կուսակցություններն ու ՕԵԿ-ը։ Փաշինյանական առաջին ընտրություններին Երեւանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 848 հազար 346 էր, որից քվեարկությանը մասնակցել էր ընդամենը 370 հազար 368 քաղաքացի։ Ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը հավաքել էր 294 հազար 92 ձայն՝ 81.05 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6.95, «Երեւանի հանրությունը»՝ 0.69, «Երեւանցիներ» դաշինքը՝ 0.82, «Երկիր ծիրանին»՝ 1.39, «Ժառանգությունը»՝ 0.75, ԺՈՒԿ-ը՝ 0.22, «Լույս» դաշինքը՝ 4.99, ՀՅԴ-ն՝ 1.62, Հայքը՝ 0.19 տոկոս՝ 692 մարդ, «ռեֆորմիստները»՝ 0.22, եւ ՕԵԿ-ը՝ 1.09 տոկոս։ Արդյունքում ավագանիում ներկայացվածություն ունեցան «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքներն ու ԲՀԿ-ն։

Ըստ ոստիկանության տվյալների՝ այս պահի դրությամբ Երեւանում ՏԻՄ ընտրական իրավունք ունի 823 հազար 559 քաղաքացի: Թե այս թվից որ տոկոսը կմասնակցի ընտրություններին, պարզ կդառնա կիրակի օրը, սակայն նախկինում տեղի ունեցած ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ իշխանություններն ավելի մեծ տոկոսով ձայներ են ստանում եւ ավագանիում ավելի մեծ ներկայացվածություն ստանում այն դեպքերում, երբ ընտրություններին քիչ թվով մարդիկ են մասնակցում: Իշխանությունները, ամեն դեպքում, օգտագործում են վարչական ռեսուրսը, իշխանական թիմի օգտին են քվեարկում ոստիկանության ու պետական ծառայողների մեծ մասը, իշխանությունից կախված մարդիկ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ