Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև Երևան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
«2023 սեպտեմբերի 17-ին տեղի ունենանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին, բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, այդ թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,- ասել է Դավթյանը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում ՌԴ քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի:
«Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, և օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, ևս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,- նշել է Դավթյանը:
Իսկ, թե ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանից դեպի Հայաստան աշխուժացած ներհոսքը որքանո՞վ է արտացոլված՝ նա պատասխանել է, որ պատկերը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2021 թվականից սկզբից հաշվառվածների թիվը 4277 է, իսկ մնացած շուրջ 6000-ը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում վերոնշյալ կարգավորումների արդյունքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը