Նախիջևանի սահմանին համեմատաբար հանգիստ է, ամեն օր բարելավման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին News.am–ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին՝ դիրքերի տեղաշարժը ի՞նչ հանգրվանի է հասել, կան խոսակցություններ, որ տեղ-տեղ միջդիրքային տարածությունը 50 մետր է, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ՝ 50 մետրը չեմ կարծում, որ համապատասխանում է իրականությանը, սահմաններում դիրքային բարելավումները մշտական պրոցես են՝ շնչող օրգանիզմի նման, որևէ տեղ չեն հասնում, միշտ շարժվում են առաջ, և եթե ինչ–որ առումով մամուլում հետաքրքրություն չկա այդ պրոցեսների նկատմամբ, չի նշանակում՝ հենց մամուլում չեն խոսում, իրենք առաջ չեն տալիս դիրքերը։ Իրենք իրենց գործն են անում, անկախ նրանից, թե մամուլում ինչ են խոսում»։
Հայ–ռուսական աննախադեպ հումանիտար համագործակցության մասին խոսնակն ասաց. «Քանի որ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը, բնականաբար դա արդեն պլան–ծրագիր է, իսկ ինչպիսին, ինչքանով, որ ժամկետում, ինչ ծավալով, ինչ կոնկրետ խնդիրներով, Ես կարծում եմ դրա ժամանակը կգա եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրա մասին կհայտարարի»։
Սահմանին իրավիճակի մասին խոսելով՝ ՊՆ մամուլի խոսնակն արձանագրեց. «Սահմանին լարվածությունը թուլացել է, բայց դա ոչինչ չի ասում երկարաժամկետ կանխատեսումների տեսանկյունից, որովհետեւ երկարաժամկետ կանխատեսումներ չես կարող անել, հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, հակառակորդի որդեգրած քաղաքականությունը, այս պահի կամ կարճ ժամանակ առաջ համեմատաբար հանգիստ է ամեն ինչ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը