07 09 2018

Ինչի՞ մասին է նախազգուշացնում Լավրովը Երևանին. Regnum

Ինչի՞ մասին է նախազգուշացնում Լավրովը Երևանին. Regnum

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կբանակցեն Մոսկվայում: Այս առիթով Regnum գործակալությունը ուշագրավ հոդված է հրապարակել՝ սպասվող հանդիպման մասին: Հոդվածում, մասնավորապես նշվում է.

«Երևանի նոր իշխանությունները, հայտարարելով շարունակվող «հեղափոխության» մասին, սկսելով հաշիվներ մաքրել ոչ վաղ անցյալի հետ, որոշակի վակուում են ստեղծել Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների կառուցման մեջ, թեպետ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակման հայտարարությունների պակաս չի եղել: Արդյունքում, գուցե, և դա պատահական չէ, այդ վակուումը լրացրեց Ադրբեջանը:

Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցությունները չափազանց արդյունավետ էին` 16 փաստաթուղթ ստորագրվեց ամենատարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ` էկոնոմիկայի, էներգետիկայի, ռազմատեխնիկական ու մարդասիրական հարաբերությունների:

Ինչո՞վ է Մոսկվա մեկնելու ՀՀ վարչապետը: Բանակցությունների օրակարգը դեռ բարձրաձայնված չէ: Կան Լավրովի գնահատականները, որ «իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ» և մենք «շատ ենք ցանկանում, որ այդ ներքին գործերը մնան օրենքի ու Սահմանադրության ամուր հիմքի վրա, և արագ հաղթահարվեն, որ Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա»: Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում այսօր մեծամասնություն չունի, նրա իշխանությունը կախվում է օդում: Իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն մյուս խմբակցությունների հետ բանակցությունների ու փոխզիջումների արդյունքում, նոր կոալիցիա ստեղծելու միջոցով:

Կաջակցե՞ն պատգամավորները առաջարկվող լուծումներին, թե՞ վարչապետը նրանց վրա ճնշում կգործադրի փողոցային տարերքով: Հայ շատ փորձագետների կարծիքով` մայիսին իշխանության գալու պահից մինչև օգոստոս, երբ Փաշինյանը հանրահավաք արեց Երևանում, «նրա ընդդիմախոսները սկսել են հաղթել, հասարակության մեջ հոգեբանական փոփոխություններ են եղել` 100 տոկոսանոց վստահությունը վերաճել է որոշ կասկածների, դա կարող է որոշակի հետևանքներ ունենալ»: Ինչպե՞ս այդ իրավիճակում Մոսկվան բանակցի Երևանի հետ: Նույնիսկ հանրապետության ներքին գործերին չխառնվելու դիրքորոշումն ունենալով: Եվ ու՞մ հետ: Շատ բան, թեպետ ոչ ամեն ինչ, ներքաղաքական դասավորության մեջ կորոշարկեն Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 23-ին, որ կդառնան խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանքը:

Մոսկվայում ոչ ոք գաղտնիք չի դարձնում, որ Հայաստանը ռուսական շահերի շրջանակում է, այդ թվում ՀԱՊԿ ու ԵԱՏՄ ձևաչափերում: Մինչև հիմա երկու երկրների հարաբերությունները մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի իրադարձությունների վրա, բայց ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Ղարաբաղյան ուղղությամբ նույնպես: Ուստի Պուտինի ու Փաշինյանի առաջիկա երկխոսությունը խոստանում է ոչ հեշտ լինել, գուցե կոշտ: Լավրովի ակնարկներն առավել քան թափանցիկ էին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ