Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև այսօրվա հայտարարությանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, գրել է:
«Եթե Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանը համաձայնվի կողմ քվեարկել Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալուն, դա Հայաստանի միջազգային վարկի համար ծանրագույն հարված կլինի։ Պատճառները․
– արտգործնախարարության ներկացուցչի հայտարարությունից հետո նման քայլը միջազգային հարթակներում կդիտարկվի, որ Հայաստանի պաշտոնական խոսքը զրոյական արժեք ունի,
– դա կիջեցնի Հայաստանի միջազգային վարկը, որպես երկիր, որը ի վիճակի չէ իր շահերը պաշտպանել անգամ ազգային անվտանգության ոլորտում,
– Դա ՀԱՊԿ-ում կիջեցնի Հայաստանի վարկը և մյուս անդամ երկրների համար նշան կլինի, որ Հայաստանի հետ արհամարհական լեզվով է պետք խոսել,
– Ալիևի վարկը Ադրբեջանում կբարձրանա, որը բավականին իջել էր հայկական հեղափոխությունից հետո, կասի տեսեք, հեղափոխությունն որքան է իջեցնում երկրի վարկը, ավելի լավ է ուժեղ ղեկավար ունենալ։
Խորհուրդ. եթե պաշտոնական խոսք է ասվում, ապա պետք է մի քանի անգամ դա կշռել, նոր խոսք ասել, որ չլինի Շանթի դեպքը, երբ առաջին դեմքը մարդուն քաղբանտարկյալ է ճանաչում, հետո ասում, որ թող ինքն իր հարցերը լուծի, դա մեզ չի վերաբերվում։ Այնինչ «քաղբանտարկյալ» ունենալը ոչ թե քաղբանտարկյալի պրոբլեմն է, այլ երկրի միջազգային պարտավորությունը։
Պետք է հասկանալ, որ խոսքը արժեք ունի և եթե երկրի ներսում կարելի է այն բազմաթիվ անգամ փոխել, ապա արտաքին հարթակներում խոսք փոխելը հարված է երկրին։
P.S. Եթե մի երկրի ղեկավար, որը պաշտոնական հանդիպման ժամանակ Հռոմի պապին մի քանի ժամ սպասեցնել է տալիս, զանգում է քո երկրի նախկին նախագահին, որը քրեական հետապնդման է ենթարկվում ու շնորհավորում ծնունդը ու ամենաաշտոնական կայքում դրա մասին տեղեկատվություն տարածում, դա համարել որպես անձնական գործ, նույնպես մարդկանց հիմարացնելու փորձ է, դա նույնպես սեփական խոսքը ու մարդկանց, ում ուղղված է այդ խոսքը, չհարգելու օրինակ է։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին շնորհավորանքի մասին ասել էր.
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ-ի հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը գնահատում է մարդկային հարաբերությունները, ինչը լավ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը