04 09 2018

Նիկոլ Փաշինյանը՝ ցուցմունք տալու, ՌԴ-ի հետ հարաբերությունների, երկրորդ նախագահի, քաղաքապետի իրենց թեկնածուի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ցուցմունք տալու, ՌԴ-ի հետ հարաբերությունների, երկրորդ նախագահի, քաղաքապետի իրենց թեկնածուի մասին

Մարտի 1-ի գործով վերջին ժամանակներս ցուցմունք չեմ տվել, սակայն երբ անհրաժեշտություն լինի, կտամ։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրավիրվել է ցուցմունք տալու Մարտի 1-ի գործով։

Վարչապետի խոսքով՝ ինքը նախկինում բազմիցս ցուցմունք տվել է նաև դատարանում։ 

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու մասին վարչապետն ասաց, որ դա աբսուրդ է՝ մանրամասնելով, որ ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի պաշտոնավարման ժամկետ ունի:

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին և ցանկություն կունենան, կմասնակցեն»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձում քաղաքական ենթատեքստի հարցին Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ-ի հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը գնահատում է մարդկային հարաբերությունները, ինչը լավ է»:

Խոսելով Պուտինի հետ հանդիպման մասին վարչապետն ասաց, որ օրակարգում  երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրն է։ 

Հարցին՝ հումանիտար համագործակցության հարցը քննարկվելու է, թե ոչ, նա պատասխանեց՝ քննարկվելու են բոլոր հարցերը։

Պատասխանելով Լավրովի հայտարարության մասին հարցին, թե ՀՀ–ում իրավիճակը շարունակում է «եռալ», Փաշինյանը կատակեց. «Դե իսկապես շոգ էր այսօր»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայկ Մարությանն ելույթին՝ նշելով, որ ձևակերպումներն այդքան էլ ճշգրիտ չեն եղել. «Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն և ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում  պետք է տեղավորվի սիրո և համերաշխության  հեղափոխության տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևն ու սպիտակը»,- ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ