03 09 2018

Ավագանու ընտրություններին 13-ի փոխարեն կմասնակցի 12 քաղաքական ուժ

Ավագանու ընտրություններին 13-ի փոխարեն կմասնակցի 12 քաղաքական ուժ

ԿԸՀ-ն սեպտեմբերի 3-ի նիստում քննարկեց Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի փաստաթղթերի վերաբերյալ հարցերը: Սեպտեմբերի 3-ին լրացել է հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման ժամկետը:

ԿԸՀ-ն գրանցեց 12 քաղաքական  միավորի մասնակցությունը, քանի որ Հայաստանի  ժողովրդավարական ազատական միություն  կուսակցությունն ինքնաբացարկի դիմում էր  ներկայացրել՝ հետ պահանջելով ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 3 առանձին թեկնածուի չեն գրանցել՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրներով:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական միավոր՝ 9 կուսակցություն և 4 դաշինք:

Ավելի ուշ ՀԺԱՄ կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանել է Երևանի ավագանու ընտրություններին ինքնաբացարկ ներկայացնելու որոշումը։ Կուսակցությունը նշում է, որ անընդունելի է համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և  «հակահեղափոխականների», «հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը։

ՀԺԱՄ–ի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«ՀԺԱՄ կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ:ՀԺԱՄ կուսակցությունը վերջին անգամ մասնակցել էր 2003թ-ի ԱԺ ընտրություններին՝ ստանալով ընտրողների շուրջ 4.8% քվե, որից Երևան քաղաքում՝ մոտ 20.000 ձայն:

Հետագա տարիներին ՀԺԱՄ-ը չի մասնակցել համապետական ընտրությունների, քանի որ այն վերածվել էր հսկայածավալ ֆինանսական միջոցների մրցավազքի: Ընտրություններն ընթանում էին ոչ թե ծրագրի և գաղափարի մրցակցության հարթակում, այլ վարչական և ֆինանսական լծակների գործադրման: Նման պայմաններում ՀԺԱՄ-ը ընտրություններին մասնակցելու ո´չ ցանկություն ուներ, ո´չ  հնարավորություն:Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության:

Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններին:Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց: Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և  «հակահեղափոխականների»,«հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ: Բարի երթ ենք մաղթում առաջադրված մյուս կուսակցություններին և դաշինքներին, հորդորում նրանց ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից և «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ